Լրահոս

10.03.2010 17:30


Գյումրիում սոցիալ-տնտեսական վիճակը ծանրանում է

Գյումրիում սոցիալ-տնտեսական վիճակը ծանրանում է

Գյումրիում սոցիալական լարվածությունն օր օրի աճում է: Այս անգամ լուծարման եզրին է «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն, որը Շիրակի մարզի միակ մեքենաշինական գործարանն է և հիմնականում աշխատում է արտասահմանից ստացած պատվերների միջոցով: «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի արտադրանքը հիմնականում արտահանվում է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի երկրներ: Սակայն այսօր ճգնաժամի հետ կապված գործարանը գրեթե պատվերներ չունի, իսկ ներքին շուկան պատվերներ չի ապահովում:

«Քարհատ մեքենա» ՓԲԸ փոխտնօրենի խոսքերով՝  2007-ին գործարանն ունեցել է 127 աշխատող, սակայն վերջին երկու տարիների ընթացքում, աստիճանաբար կրճատվելով, մնացել են 55-ը: Այսօր, սակայն, նրանք էլ են կանգնած գործազրկության եզրին: Իսկ նույն 2007թ. հետ համեմատած՝ գործարանի ֆինանսական շրջանառությունը կրճատվել է մոտ 30 անգամ:

«Փետրվարի 22-ից, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատողներն արդեն զգուշացվել են, որ ապրիլի 22-ին գործատուի և աշխատողի միջև կնքված պայմանագիրը լուծվելու է: Եթե չկարողացանք պատվերների հարց լուծել, ստիպված նշված ժամկետում 55 աշխատողներից 40-ը կազատվեն աշխատանքից: Մնացած 15-ը կլինեն պահակային ծառայությունը, տնօրենը և հաշվապահը»,-գործարանում տիրող իրավիճակը ներկայացրեց «Քարհատ մեքենա» ՓԲԸ փոխտնօրեն Դավիթ Ղազանչյանը:

Գործարանի խնդիրներով ՀՀ կառավարությանը դիմել են։ «Ի՞նչ ակնկալիք ունեք պետությունից» հարցին Դավիթ Ղազանչյանը պատասխանել է. «Մենք կառավարությանը գրավոր չենք դիմել, բայց կարծում եմ՝ կառավարությունն էլ, երկրի ղեկավարն էլ, մարզային և քաղաքային ղեկավարներն էլ, բոլորն էլ գիտեն, որ Գյումրիում կար գործարան, որն աշխատում էր, և իր տեսակի մեջ Հայաստանում միակն է: Բացի մեր աշխատողներից և «Միջազգային բիզնես կենտրոնից»՝ ոչ ոք չի հետաքրքրվում՝ գործարանն ինչ վիճակում է, կապրի՞, կշնչի՞»:

Գործարանի աշխատողները փաստորեն հայտնվել են անելանելի վիճակում. նրանց խոսքերով՝ իրենցից ամեն մեկը մոտ 4-5 մարդ է պահում: Կրճատվելուց հետո, փաստորեն, մոտավորապես 200 գյումրեցի կհայտնվի սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ:

Աշխատողները նշում են, որ այլ ոլորտ տեղափոխվելն իրենց համար շատ դժվար է, քանզի Գյումրին աշխատատեղերի առատությամբ չի փայլում, բացի այդ, իրենց մասնագիտությունով դժվար է այլ տեղ աշխատանք գտնել:

«Ես 40-50 տարի այստեղ եմ աշխատում և հիմա ցավով եմ նայում, որ այս գործարանը փակվելու է: Փաստորեն, հիմա մենք ենք մեր գլխի ճարը տեսնելու, հո մեր կառավարությունն ու ղեկավարությունը չե՞ն տեսնելու: Թողնես՝ ամեն ինչ թանկացնեն՝ գազ, ջուր և այլն: Մեր գլխին ինչ ուզում, անում են»,- դժգոհում է վարպետ Գրիգորը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը