Լրահոս

10.03.2010 12:04


ՍԾՏՀԿ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը գլխավոր քարտուղարին հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Մարտի 9-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ Մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, Միքայել Վարդանյանը ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:

ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Միքայել Վարդանյանը կարեւորեց Հայաստանի մասնակցությունը բազմակողմ համագործակցության ձեւաչափում՝ նշելով, որ իր պաշտոնավարության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել կազմակերպության շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներում Հայաստանի շահերը պաշտպանելու, սոցիալ-տնտեսական նախագծերում Հայաստանի մասնակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Գլխավոր քարտուղար Քրիզանթոպուլոսը, իր հերթին գոհունակությամբ նշեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության շրջանակում իրականացվող աշխատանքներում, մասնավորապես վերջին տարիների ընթացքում՝ բարձր գնահատելով մեր երկրի հստակ եւ կառուցողական մոտեցումներն ու դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանն ու ՍԾՏՀ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին համագործակցության արդիական խնդիրներն ու ապագա անելիքները,  ինչպես նաեւ ՍԾՏՀ-ԵՄ գործակցությունը:

Միքայել Վարդանյանը հանդիպեց նաև ՍԾՏՀ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Նոյան Սումրուի հետ, որից հետո քարտուղարության շենքում կազմակերպվեց ընդունելություն:

Նույն օրը Միքայել Վարդանյանին ընդունեց Թուրքիայի Հայոց Կրոնական Ժողովի Ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հանդիպման ընթացքում արքեպիսկոպոս Աթեշյանը նորանշանակ մշտական ներկայացուցչին ներկայացրեց Ստամբուլի հայ համայնքի առօրյան:

Այս խորագրի վերջին նյութերը