Աշխարհ

23.11.2018 15:16


Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի որդին դեբատների է հրավիրում իր մոր մրցակցի որդուն

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի որդին դեբատների է հրավիրում իր մոր մրցակցի որդուն

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի որդին առաջարկել է դեբատներ անցկացնել մոր մրցակցի՝ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի որդու հետ:

Թեյմուրազ Գորջեստանին (Զուրաբիշվիլիի որդին) այդ մասին հայտարարել է երիտասարդ ընտրողների հետ հանդիպմանը, ուր եկել էր մոր հետ միասին:

Երիտասարդների հետ զրուցելիս նա հետաքրքրվել է, թե որտե՞ղ է Գրիգոլ Վաշաձեի տղան և ինչո՞ւ նա չի աջակցում իր հորը նախընտրական արշավի ընթացքում. «Ես մի հարց ունեմ: Ես այստեղ եմ, երեք օրից Փարիզից կգա Քեթևանը (Զուրաբիշվիլիի աղջիկն ու Թեյմուրազի քույրը), ես Լոնդոնից եմ եկել և մի հարց ունեմ. ո՞ւր է Նոդար Վաշաձեն: Մոսկվայո՞ւմ»:

Թեյմուրազ Գորջեստանին պատրաստակամություն և ցանկություն է հայտնել հանդիպելու Նոդար Վաշաձեի հետ:

«Ես մի առաջարկ ունեմ: Մենք հարցերի ենք պատասխանում, հեռուստատեսությամբ ելույթ ունենում, որպեսզի դուք ծանոթանաք մեզ հետ և իմանաք, թե ովքեր են Սալոմե Զուրաբիշվիլիի ընտանիքի անդամները, նրա երեխաները: Ինձ հետաքրքիր է, թե ով է Գրիգոլ Վաշաձեի ավագ որդին: Եթե նա համաձայնի և գա, եթե նա գիտի վրացերեն, ես պատրաստ եմ նրան դեբատների հրավիրել, որտեղ նա ցանկանա, երբ ցանկանա: Որ խոսենք որպես վրացի տղամարդիկ. թե ինչ է Վրաստանը, վրացական մշակույթն ու վրացերենը: Ես պատրաստ եմ, երբ ուզեք, պարոն Նոդար»,–ասել է նա:

Թեյմուրազ Գորջեստանիի այս խոսքերը սոցցանցերում հսկայական ռեզոնանս են առաջացրել:

«Թող մի հատ էլ շների կռիվ սարքեն կամ դեբատի հրավիրեն զարմուհիներին կամ մորաքույրներին»,–այս ոգով մեկնաբանություններ հնչեցին:

Սալոմե Զուրաբիշվիլին երկու երեխա ունի՝ Թեյմուրազ և Քեթևան Գորջեստանիները: Ինչպես և Սալոմե Զուրաբիշվիլին, նրանք Փարիզում են մեծացել: Թեյմուրազը 32 տարեկան է, Քեթևանը՝ 29: Թեյմուրազը դիվանագետ է և աշխատում է ՄԱԿ առաքելությունում: Քեթևանն ապրում է Փարիզում, որտեղ հեռուստատեսությունում աշխատում է որպես սպորտային հաղորդումների հաղորդավար: Զուրաբիշվիլիի երեխաները հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններից առաջ Վրաստան էին եկել՝ մորը սատարելու: Թեյմուրազն ու Քեթևանը բազմիցս ելույթ են ունեցել տարբեր հաղորդումներում և վրացական հեռուստաալիքներով, հարցազրույցներ տվել մամուլին, հայտարարություններ արել Զուրաբիշվիլիի նախընտրական արշավի ժամանակ:

Ինչ վերաբերում է Գրիգոլ Վաշաձեին, նա երկու երեխա ունի: Առաջին ամուսնությունից ծնված նրա որդի Նոդար Վաշաձեի մասին հայտնի է միայն, որ Ռուսաստանում է ապրում, իսկ 12-ամյա դուստրը՝ Էլենե Վաշաձեն, ներկայիս կնոջից՝ պրիմա պարուհի Նինո Անանիաշվիլիից է:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը