Լրահոս

10.03.2010 10:44


Մտավորականության նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և ՀՀ վարչապետին

Մտավորականության նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և ՀՀ վարչապետին

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է մի խումբ քաղաքացիների կողմից թույլ չտալու համար Երևանի ճարտարապետական այդ եզակի կառույցի քանդումը: Այն որեւէ քաղաքական կամ խմբային նպատակ չի հետապնդում եւ ուղղված չէ որեւէ անձի կամ հաստատության դեմ: Նախաձեռնությունը կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված մտավորականության նամակի շուրջ (նամակը կցվում է):

ՀՀ Վարչապետ

պրն. Տիգրան Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան,

Տեղեկացանք, որ ՀՀ Կառավարությունը, սույն թվականի փետրվարի 25-ին, որոշում է ընդունել' Երեւանի

Աբովյան փողոց 18 հասցեում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց' սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին' նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար։ Արժևորելով Հայ Առաքելական եկեղեցու արդի դերակատարությունը անկախ Հայաստանի Հանրապետության շենացման գործում, ինչպես նաև գիտակցելով, որ քաղաքային տարածքների պատմականորեն ձեւավորված, ապա խեղաթյուրված միջավայրերը պետք է վերականգնվեն ու վերաիմաստավորվեն՝ գտնում ենք, որ այս նախաձեռնությունը տեղին չէ։

Նախևառաջ գտնում ենք, որ, հատկապես այս դեպքում, անթույլատրելի է կրկնել խորհրդային անհավատ իշխանության հակապատմական սխալը և մշակութային մեկ արժեքի հաշվին ստեղծել մեկ ուրիշը։

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը (ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյան և Թելման Գեւորգյան) հիրավի հանդիսանում է Երևան քաղաքի արդի ճարտարապետության լավագույն կառույցներից մեկը, որը, ցավոք սրտի, ըստ արժանվույն չի կիրառվել եւ խնամվել։ Այն մեր քաղաքի սակավաթիվ կառույցներից է, որն ունի μարձրարժեք ճարտարապետական լուծումներ ու լավագույնս ներգծված է մեր քաղաքին։ Լինելով Երեւան քաղաքի միակ μացօթյա դահլիճը, այն միշտ էլ հանդիսացել է երեւանցիների սիրված մշակութային վայրերից մեկը, որի լավագույն օրինակն է նախորդ տարի տեղի ունեցած «Բաց երաժշտական փառատոնը»։ Գտնում ենք, որ նմանատիպ քաղաքային մշակույթի կարեւոր մաս կազմող միջավայրերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության լայն շրջանակների տեսակետները հասարակական քննարկումների միջոցով՝ μացառելու կամ նվազագույնին հասցնելու հնարավոր սխալները։ Նույնաբովանդակ նամակով դիմել ենք նաև Նորին սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մեծագույն հավատով առ Աստված եւ հարգանքով առ հայոց եկեղեցի, հայցելով իր հայրապետական աջակցությունը կասեցնելու համար այս նախաձեռնությունը։

Ելնելով այս ամենից, մենք' ներքոստորագրողներս, լիահույս ենք, որ Մայր Աթոռը եւ ՀՀ Կառավարությունը կհրաժարվեն այս նախաձեռնությունից' ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի։

Այս խորագրի վերջին նյութերը