Լրահոս

09.03.2010 20:14


Թոմաս դե Վաալ. «Ստատուս քվոն չի կարող հավերժ պահպանվել»

Թոմաս դե Վաալ. «Ստատուս քվոն չի կարող հավերժ պահպանվել»

-Կողմերը հետաքրքրված չեն լինի զինաթափմամբ, քանի որ դա համարում են իրենց անվտանգության հիմնական երաշխիքը։ Պետք է դադարել խոսել պատերազմի մասին և հրադադարի մանդատն ամրապնդել,-  «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է «Քարնեգի» հիմնադրամի ռուսաստանյան և եվրասիական ծրագրերի փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում Ղարաբաղին ձայնն է պետք։ Հարցն այն է, թե ե՞րբ և ինչպե՞ս. «ԵԱՀԿ-ն այցելում է, չէ՞, Ստեփանակերտ, թող Ղարաբաղը մասնակցի նաև մնացած բանակցություններին։ Հետագա փուլում շատ կարևոր է Ղարաբաղի մասնակցությունն ապահովելը»։ Նրա կարծիքով այն կողմը, որը գործընթացի մեջ չէ, դառնում է գործընթացը փչացնողն ու արգելափակողը։ Շատ կարևոր է, ըստ Թոմաս դե Վաալի, չմոռանալ նաև ղարաբաղաբնակ ադրբեջանցիների մասին։

ԵՄ-ն, ըստ Վաալի, պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի գործընթաց, քանի որ շահեր ունի տարածաշրջանում։ Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Կովկասում մարդիկ թերագնահատում են իրենց նշանակությունը, իրենց որոշման նշանակությունը՝ կարծելով, որ Օբաման կամ Մեդվեդևը ճաշից առաջ ինչ-որ որոշումներ են ընդունում իրենց փոխարեն։

Նրա կարծիքով Ադրբեջանն այսօր գոհ չէ ստատուս քվոյից, իսկ հայկական կողմը հենվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը հիմար քայլ չի անի, և ստատուս քվոն կմնա։ Ըստ Վաալի՝ Ադրբեջանի համար խնդիրը ոչ միայն Ղարաբաղն է, այլև տարածքները։ Նրա կարծիքով Ադրբեջանը վաղ թե ուշ փորձելու է ինչ-որ բան հետ բերել. «Միգուցե ստատուս քվոն հայերին այսօր ձեռնտու է, բայց երկարաժամկետ հատվածում դա պետք է փոխվի. չի կարող հավերժ այդպես պահպանվել»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը