Հարցազրույց

14.11.2018 16:11


Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

«Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ «7or.am»-ը զրուցել է գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված «գործի» մասին:

-Պարո՛ն Բոզոյան, վերջերս մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ բաց նամակով էին դիմել վարչապետին՝ խնդրելով փոխել գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը: Դուք կիսո՞ւմ եք նրանց մտահոգությունը:

-Միանշանակ կիսում եմ, քանզի երբ թավշյա հեղափոխությունից հետո բոլորը խոսում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու սահմանափակման մասին, երբ բազմաթիվ քաղբանտարկյալներ ազատվեցին, և լավ է որ դա կատարվեց, հանկարծ այդ շարքում բացառություն են անում Սամվել Մայրապետյանի համար և նրան կալանքի տակ պահում: Այն էլ մի մարդու, ում անունը ոչ քրեական քրոնիկոնում է հոլովվել, ոչ էլ հայտնի մականունավորների շարքին է պատկանել:

Ես նրան միշտ ճանաչել եմ , որպես լավ մարդ, նորմալ քաղաքացի:

-Ասում են, որ բոլորն էլ պետք է հավասար լինեն օրենքի առաջ՝ անկախ նրանից, թե նա լա՞վ մարդ է, թե՞ լավ գործարար: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես ձեզ հետ լիովին համաձայն եմ: Անկախ նրանից, թե ում մասին է խոսքը, բոլորը պիտի հավասարապես պատասխանատու լինեն օրենքի առաջ:

Բայց ինչո՞ւ այդ դեպքում, երբ համատարած խափանման միջոցները փոխում են և լավ են անում, որ փոխում են, երբ երկրում համաներում է իրականացվում, Մայրապետյանի հարցում բացառություն է կատարվում: Նույնիսկ գործից անտեղյակ քաղաքացու համար էլ ակնհայտ է, որ Սամվելի հանդեպ կիրառվում է խտրական վերաբերմունք: Սա կոչվում է ընտրովի արդարադատություն:

-Բայց չէ՞ որ նախկինում էլ, այսպես ասած, մյուս ճամբարից էին «այլ» մարդկանց հետ այդպես վարվում:

-Հենց դրա համար էլ այդ ամենը բերեց հեղափոխության: Խնդիրները կամաց-կամաց կուտակվեցին, և եղավ պայթուն: Մի՞թե պարզ չէ, որ այդ մեթոդներից պետք է հրաժարվել: Դա տանում է դեպի փակուղի: Բացի այդ, Սամվելը գործարար է և իրեն պետք չէ խառնել քաղաքականության հետ: Այստեղ տեղին չէ խոսել այս կամ այն ճամբարի մասին: Գործարարին չի կարելի խառնել քաղաքականության մեջ, ինչքան էլ որ ամբողջովին քաղաքականությունը տարանջատված չի լինում բիզնեսից և ընդհանրապես տնտեսությունից: Հենց այդ խառնելուց է սկսվում ամեն ինչ:

Ինչքան շուտ հասկանանք դա, այնքան լավ կլինի երկրի համար:

-Ի՞նչ էք կարծում, ինչպե՞ս կլուծվի այս խնդիրը:

-Ես կարծում եմ, որ բոլորի շահերից է բխում, որ այս հարցը շուտափույթ լուծվի, քանզի հին մեթոդներով նոր Հայաստան կառուցելը ոչ միայն անպատվաբեր է, այլև վտանգավոր:

Հակառակ դեպքում իշխանությունը կկորցնի իր համար ամենակարևոր բանը՝ մարդկանց վստահությունը: Մնացած գործոնների մասին չեմ էլ խոսում:

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն, որ խոսքը մի մարդու մասին է, ով հրաշքով էր փրկվել մի շատ անսովոր հիվանդությունից և նրան կալանքը ուղակի հակացուցված է: Ես տեղյակ չեմ, թե արդյոք գիտե՞ն այդ մասին իշխանությունները, թե՞ ոչ:

Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ բոլորս ապրում ենք ապակե տան մեջ և իրար դեմ քար շպրտելով ոչնչի չենք հասնի, փոխարենը կարող ենք վտանգել մեր ընդհանուր տան անվտանգության ապագան:

Եկել է քարերը հավաքելու ժամանակը․ մեզ՝ որպես երկիր, առջևում դժվարին փորձություններ են սպասվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը