Լրահոս

09.03.2010 13:42


Հ. Բերմանը չի կարողացել հստակ պատասխան տալ

Հ. Բերմանը չի կարողացել հստակ պատասխան տալ

ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հետ կապված որոշակի դժվարություններ կան։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252-րդ բանաձևի ընդունման հաջորդ օրը ԱՄՆ մեկնած հայկական պատվիրակության անդամները հանդիպել են հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ և հարցրել, թե բանաձևը ե՞րբ է ներկայացվելու լիագումար նիստերի օրակարգ։

-Բերմանը չէր կարող հստակ պատասխան տալ, որովհետև ակնհայտ է, որ այս պահին այդ հարցի պատասխանը դեռևս մնում է անորոշ։ Սակայն մենք հուսով ենք, որ մինչև Կոնգրեսի լիազորությունների ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 2-ին (Կոնգրեսում սպասվում են ընտրություններ, և 111-րդ Կոնգրեսը շարունակելու է գործել մինչև 2010թ. նոյեմբեր ամիս), պետք է տեղի ունենա հաջորդ քայլը՝ հարցը պետք է մտնի լիագումար նիստ,-նշել է Կ. Նահապետյանը։

ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Զաքարյանն էլ ասել է, որ լիագումար նիստերի օրակարգում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդգրկվել-չընդգրկվելու հավանականությունն այս պահին հավասար է և մեծապես կախված է Թուրքիայի հետագա դիրքորոշումներից ու վարքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը