Լրահոս

09.03.2010 12:58


ՀՌԱԿ ատենապետի նամակը ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Ամերիկայի  Միացյալ  Նահանգների  Կոնգրեսի

Արտաքին  հարաբերությունների  հանձնաժողովի

նախագահ  Հովարդ  Բերմանին 

Մեծարգո  Պարոն  Հովարդ

Հանդիսանալով 19-րդ դարում սկիզբ առած համահայկական քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ, հայտնում եմ երախտագիտությունս' Ձեր երկարամյա հայանպաստ գործունեության համար:

Ձեր ղեկավարած  հանձնաժողովի 2010 թվականի մարտի 4-ի նիստում թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ հայտնում եմ շնորհակալություն կողմ քվեարկած բոլոր կոնգրեսականներին, ովքեր այդ քայլով ապացուցեցին, որ արդարությունը վեր է ամեն ինչից, եւ այս պարագայում երկակի ստանդարտներ լինել չեն կարող:

Առանձնակի հիացմունք է առաջացնում Ձեր հաստատակամությունը Հայկական հարցի վերաբերյալ, որ չընկրկեցիք նույնիսկ թուրք-ամերիկյան  բարեկամության հանձնախմբի Ձեր անդամ  լինելու փաստից:

Այժմ  նամակիս գլխավոր  թեմայի մասին:

252 բանաձեւում հիմնավոր են ներկայացված  Հայ Ժողովրդի հանդեպ  Օսմանյան կառավարության  իրականացրած   լայնամասշտաբ  հանցագործությունները, որոնք արձանագրված  են բազմաթիվ երկրների  արխիվային փաստաթղթերում  ու վավերագրերում  եւ  փաստում  են, որ 1915-1923 թթ.  Հայ  Ազգի նկատմամբ  իրագործած գործողությունները  հանցագործություն  էր մարդկության   հանդեպ:Սակայն  այս ամենի հետ  մեկտեղ բանաձեւում  տեղ է գտել մի  անճշտություն, որը,  հավանաբար, պետք  է վերագրել Ձեր  կամ հայանպաստ  գործունեություն  ծավալած այն կոնգրեսականների օգնականներին, որոնք 252 բանաձեւը նախապատրաստելիս օգտվել են Հայոց պատմությունը խեղաթյուրող ու խիստ կասկածելի աղբյուրներից, հակառակ պարագայում բանաձեւում տեղ չէր գտնի այն արտահայտությունը, թե իբր հայերը զրկվել են իրենց 2500-ամյա բնօրրանից:

Հեռու լինելով պատմական բանավեճ սկսելու ցանկությունից, ուղղակի ուզում եմ նշել, որ բազմաթիվ են օտար քաղաքակրթությունների վկայությունները  այն մասին, որ Հայ  Ազգը արարել ու ստեղծագործել է Հայկական Լեռնաշխարհում 4500-ից ավելի տարիներ, հետեւաբար' 252 բանաձեւում ավելի  արդարացի կլիներ, որպեսզի  Հայ Ազգի ծագումնաբանությանը  վերաբերող որեւէ տարեգրություն չգրվեր, այլ ուղղակի փաստվեր, որ ցեղասպանության, թալանի ու կողոպուտի հետ մեկտեղ, տեղի է ունեցել հայրենազրկում:

Ինչեւիցե, տեղյակ եմ, որ այս պահին խմբագրական  որեւէ փոփոխություն կատարելը հնարավոր չէ, հետեւաբար մնում է հուսալ, որ Ձեր ղեկավարած հանձնաժողովը այսուհետեւ Հայ Ազգի պատմությանը վերաբերող բանաձեւեր կազմելիս կօգտվի զուտ հայկական ակադեմիական հաստատություններից:

Մաղթում եմ քաջառողջություն  եւ քաղաքական հաղթանակներ: 

Հարգանքներով'  
                                                                                                                 ՀՌԱԿ  ատենապետ

Հարություն    Առաքելյան

Այս խորագրի վերջին նյութերը