Լրահոս

06.03.2010 15:31


Հայ–թուրքական գործընթացն արագացնող գործոններն ավելացե՞լ են

Հայ–թուրքական գործընթացն արագացնող գործոններն ավելացե՞լ են

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին խոսելիս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասել է, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ. դա ամբողջ աշխարհի խնդիրն է։ Նրա համար ցավալի է, որ բանաձևն ընդունվեց միայն մեկ ձայնի տարբերությամբ։

Պարույր Հայրիկյանը ողջունելի է համարել, որ հայաստանյան պետության ղեկավարները վերջերս օգտագործում են ոչ թե «Ցեղասպանության ճանաչման», այլ «Ցեղասպանության հետևանքների վերացում» ձևակերպումը։ Այս առումով անգամ Հայաստանի անկախության վերականգնումն այդ հետևանքների վերացումն էր։

Նրա կարծիքով տեղաշարժ տեղի է ունեցել, սակայն ոչ թե Հայաստանի նախաձեռնության շնորհիվ, այլ արտաքին աշխարհի թելադրանքով, և ակնհայտ դարձան այն սխալների հետևանքները, որոնք առկա էին հայ-թուրքական արձանագրություններում։ Նրա կարծիքով եթե հայ-թուրքական հարաբերություններում իսկապես նախաձեռնողական մոտեցում լիներ, Հայաստանը տարբեր ատյաններում շատ շահեկան դիրքերում կլիներ, քանի որ հայերի նկատմամբ հանցագործություն է կատարվել. «Մենք տարբեր ատյաններից պետք է բարձրացնեինք միայն դա, սահմանների ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերը, այն էլ՝ առանց ձգձգման։ Եթե այդ տեսակի  հարցը ձգձգվում է երկու ամսից ավելի, դու միանգամից իրավունք ունես ասելու, որ ավազակին կարգի հրավիրեն»։

Այդուհանդերձ, նրա կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի չի մտել, որովհետև ԱՄՆ-ը բավական նուրբ խաղ է խաղում, և որքան էլ թուրքերը հոխորտան, դա ժամանակավոր է։ Այս փուլում նոր խոչընդոտ չի ավելացել. ընդհակառակը՝ նրա կարծիքով ավելացել են գործընթացն արագացնող գործոնները։ Ընդհանուր առմամբ հնարավոր է, որ գործընթացը դրական ավարտվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը