Լրահոս

08.12.2010 15:25


Լևոն Զուրաբյան. «Աստանան արձանագրեց արտաքին ճակատում ՀՀ իշխանությունների ձախողումները»

Լևոն Զուրաբյան. «Աստանան արձանագրեց արտաքին ճակատում ՀՀ իշխանությունների ձախողումները»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Աստանայում ԼՂՀ վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությանը՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե այն արձանագրում է արտաքին ճակատում իշխանությունների ձախողումները։

-Հանգրվանային այս հայտարարությունը, ըստ էության, ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարության ժամանակաշրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի ունեցած տեղաշարժերը, իսկ հայտարարության տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է Հայաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ և արձանագրում հայ դիվանագիտության կողմից այս տարիների ընթացքում թույլ տրված անընդունելի նահանջները,-նշել է նա։

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ՀԱԿ-ը կարծում է, թե որպես կործանարար նահանջ կարելի է համարել այն, որ Հայաստանը շարունակել է ԼՂ-ն որպես բանակցություների լիիրավ կողմ ճանաչելու ԵԱՀԿ-ի 1994թ. որոշումն անտեսելու քաղաքականությունը։

-Երկրորդ, համաձայնելով տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառմանը՝ Հայաստանը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել, որ ղարաբայան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Երրորդ, օրակարգից հանվել է հանրաքվեի դրույթը և  փոխարինվել «կամաարտահայտություն» անհստակ ձևակերպմամբ։ Չորրորդ, անհստակ և անբավարար լուծում է տրվում Հայաստան-ԼՂ ցամաքայի կապի՝ Լաչինի միջանցքի սահմանման հարցին։ Հինգերորդ, եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքների դեմիլիտարիզացիայի մասին, ապա այսօր խոսքը գնում է այդ տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հաձնելու մասին։ Վեցերորդ, եթե նախկինում  խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, ապա այժմ խոսվում է նրանց վերադարձի մասին բուն ԼՂ։ Յոթերորդ, կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին։ Ութերորդ, ստորագրելով Աստանայի հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանը համաձայնել է Մուսկոկայի հայտարարության մեջ օգտագործվող «օկուպացված տարածքներ» տերմինաբանությանը, որը մինչ այսօր չի օգտագործվել ո՛չ ԵԱՀԿ փաստաթղթերում, ո՛չ եռանախագահության հայտարարություններում,-հայտարարել է նա։

Լևոն Զուրաբյանը պնդել է, թե չնայած այս զիջումներին՝ Հայաստանը չի հասել նրան, որ Ադրբեջանը կառուցողականություն ցուցաբերի, այլ ընդհակառակը, այսօր ադրբեջանական կողմը նորանոր զիջումներ է պահանջում։

-Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյատևման ամեն օրը նորանոր հարվածներ է բերում ազգային անվտանգությանը։ Իրավիճակը կարող է փոխել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը և լեգիտիմ իշխանութունների ձևավորումը արտահերթ ընտրությունների միջոցով,-եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը