Լրահոս

17.11.2010 12:49


Վերահսկիչ պալատը դատի է տվել Սպարտակ Մելիքյանին

Վերահսկիչ պալատը դատի է տվել Սպարտակ Մելիքյանին

Երեկ ելույթ ունենալով խորհրդարանում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը հայտարարել է, թե Վերահսկիչ պալատն «Անանիա Շիրակացու» անվան միջազգային հարաբերությունների համալսարանում կատարած ստուգումների պարագայում խեղաթյուրել է իրականությունը և վարկաբեկել համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը։ Նրա խոսքերով՝ «Անանիա Շիրակացի» համալսարանն արժանացել է խիստ քննադատության միայն այն պատճառով, որ հրաժարվել է բավարարել ստուգող խմբի ղեկավարի պահանջը՝«սև ցուցակում» չհայտնվելու համար տալ 4000 դոլար կաշառք, ինչն էլ համաձայնեցված է եղել Իշխան Զաքարյանի հետ:

-Պարոն Զաքարյանի քննադատությունն էլ այդ սպառնալիքի հետևանքն է,-հայտարարել է Ս. Մելիքյանը՝ վստահություն հայտնելով, որ իր այս ահազանգին գործնականորեն կարձագանքեն և՛ ՀՀ Գլխավոր դատախազությունում, և՛ ԱԱԾ-ում:

Պատասխանելով Սպարտակ Մելիքյանի վերոնշյալ հայտարարությանը նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասել է, որ վերջինիս ստուգումների արդյունքում ոսկորը շատերի կոկորդում է մնում:

-Այն ինչ արձանագրել ենք Անանիա Շիրակացի համալսարանում միանշանակ ճիշտ է, հիմնավոր են և անառարկելի: Նաև ուզում եմ տեղյակ պահել Խորհրդարանին, որ Անանաիա Շիրակացի համալսարանի 100 տոկոս բաժնետերը, սեփականատերը այն նույն պատգամավորն է, որ երեկ խոսում էր այդ համալսարանի մասին: Ես կարծեմ, Սահմանադրության համապատասխան հոդվածով այդ տեսակ գործունեությունն արգելվում է և անհամատեղելի է պատգամավորական գործունեության հետ, որի հետ կապված մենք մեր գրավոր նամակը կներկայացնենք: Վերջում ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ նաև, որ մենք քննարկեցինք նաև ՀՀ դատախազություն ուղարկելու և զրպարտության հոդվածով Վերահսկիչ պալատին վարկաբեկելու հետ կապված քրեական գործ հարուցելու հետ կապված խնդիրը, սակայն մեզ դատախազությունից ասացին, որ այդ հոդվածը ԱԺ-ի կողմից դեռևս մայիս կամ հունիս ամսին հանված է, ուստի մեզ մնում է իրավական ևս մեկ ճանապարհ' դիմել դատարան և այսօր վերահսկիչ պալատը դիմել է դատարան: Այս խնդրի հետ կապված մնացած բոլոր հարցերի հետ կապված օրենքի դաշտում մենք կխոսենք: հարցը սրանով համարում եմ ավարտված,- հայտարարել է Իշխան Զաքարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը