Լրահոս

08.12.2010 15:15


Հիշատակը վաղեմության ժամկետ չունի

Երեկ Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարեդարձն էր: Հայությանը պատուհասած աղետից անցել է 22 տարի: Այդ ընթացքում լավ-վատ' փլատակներից հառնել են մեր շեներն ու քաղաքները, բայց սպիացած վերքը տակավին արյուն է ծորում բնության ամեհի հարվածի ավելի քան 25 հազար զոհերի հարազատների սրտերում:

Հետերկրաշարժյան բոլոր տարիներին զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները, կարելի է ասել, համազգային բնույթ էին ստանում: Ժողովուրդը' հասարակության տարբեր շերտերը, բնականաբար նաեւ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները ամեն տարի այցելում էին երկրի հյուսիսային տարածագոտի' խոնարհվելու, հարգանքի իրենց տուրքը մատուցելու հաշվված վայրկյանների ընթացքում խոլ տարերքին կուլ գնացած բազմահազար մեր հայրենակիցների աճյուններին:

Սակայն այս տարին, չգիտես ինչու, բացառություն էր, պետության բարձրաստիճան այրերից եւ ոչ մեկը երեկ Սպիտակ եւ Գյումրի չայցելեց: Թերեւս բավարարվել էին ծաղկեպսակներ ուղարկելով: Հասկանում ենք' սուգն անվերջ շարունակվել չի կարող, մի օր պետք է վերջակետ դրվի, հասկանում ենք' Հայաստանի իշխանությունները բարի մտադրություններ ունեն' ժողովրդին այլեւս ձերբազատել «աղետի գոտու» բարդույթից եւ արհավիրքի ենթարկված Շիրակի ու Լոռու մարզերը դարձնել զարգացման գոտի:

Գաղափարն, իհարկե, վատը չէ, բայց, կներեք, ի±նչ կապ ունի այդ ամենը զոհվածների հիշատակը մի քանի րոպե լռությամբ հարգելու զուտ մարդկային վարմունքի հետ: Մանավանդ որ' պետության առաջին դեմքերի պարագայում առիթը կարելի էր օգտագործել ժողովրդի մեջ լինելու, նրա տրամադրություններին ու հոգսերին ավելի մոտիկից ծանոթանալու համար: Թե± ավելի լավ է խուսափել նման գլխացավանքներից:

Հետաքրքիր է' մի±թե մեր պետական այրերն իսկապես ասելիք չունեն սեփական ժողովրդին, կամ մի±թե ավելի կարեւոր գործերով են զբաղված: Ասենք' միջկլանային «ռազբորկաներով»: Իսկ միգուցե պարզապես «երես չունեն» երեւալու տնակային պայմաններում ապրող այն աղետյալներին, որոնց արդեն 22 տարի կերակրում են սին խոստումներով: Ցավալի է, բայց փաստ է, որ երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակ քաղաքում շուրջ հազար ընտանիքներ ցայսօր ապրում են, ժողովրդի լեզվով ասած, «դոմիկներում» եւ այդտեղից դուրս գալու վերջին հույսը վատնած' միջոցներ են մտմտում Հայաստանից մեկընդմիշտ հեռանալու համար:

Ինչ էլ լինի, մեծագույն աղետի զոհ դարձած տասնյակ հազարավոր մարդկանց' մեր արյունակիցների հիշատակի հանդեպ հարգանքը, կարծում եմ, առաջին հերթին բոլոր ժամանակների բոլոր հայ ղեկավարների բարոյական պարտքն է: Չէ± որ զոհերի հիշատակի հարգումը վաղեմության ժամկետ չունի: Եվ ոչ էլ' քաղաքական աստառ: Դա ուղղակի մարդկային վսեմ հոգու ինքնաբուխ պոռթկում է:

 Գևորգ Լալայան

Այս խորագրի վերջին նյութերը