Լրահոս

08.12.2010 14:33


Նոր օրենքը միջին դասի աղքատացմա՞նն է նպաստում

Այսօր «Դուպլեքս» ակումբում քննարկվել են ՀՀ նախագահի ստորագրած՝ ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքները, որոնցով սահմանափակում է ժամանակավոր անաշխատունակության վճարների տրամադրումը: «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հաղորդել են, որ իրենք փորձել են տարբեր պետական ատյաններից պարզել օրենքի տրամաբանությունը, և իրենց հետևյալ փաստարկներն են ներկայացրել.

-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբեր հարցազրույցներում շեշտել է, որ օրենքը իրականացվում է ՀՀ սոցիալական ապահովության քաղաքականության և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի տրամաբանության շրջանակներում,-ասել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տաթևիկ Դավթյանը՝ հավելելով, որ չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր գումար վերցնել իրենց աշխատանքով ընտանիքներ պահող կանանցից, այդ գումարները տրամադրել սոցիալապես ավելի անապահով խավերին և հայտարարել, թե այդպես աղքատությունը ՀՀ-ում կարող է հաղթահարվել։

Նա նաև նշել է, որ այս տրամաբանությունը ենթադրում է ոչ թե աղքատության հաղթահարում, այլ համահարթեցում։

Մյուս փաստարկի համաձայն՝ այդ օրենքն ընդունվել է խարդախությունների դեմ պայքարի նպատակով. ըստ իրենց տվյալների՝ որոշ գործարարներ հղիության վերջին ամիսներին բարձր աշխատավարձով աշխատանքի են ընդունում ծանոթ-բարեկամներին, որոնք հետագայում պետությանից բարձր նպաստներ են ստանում։ Սակայն չպետք է մոռանալ, որ խարդախության դեմ պայքարել՝ նշանակում է պայքարել հենց խարդախություն կատարող անձանց դեմ, այլ ոչ թե պատասխանատվությունը դնել անմեղ կանանց վրա։

Այս խորագրի վերջին նյութերը