Լրահոս

05.03.2010 16:04


Արմեն Ռուստամյան. «Գործընթացը կարագանա, եթե Հայաստանը զիջի իր դիրքերը»

Արմեն Ռուստամյան. «Գործընթացը կարագանա, եթե Հայաստանը զիջի իր դիրքերը»

Վերջին զարգացումները, հատկապես ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունումը, թուրքական կողմի կտրուկ գործողությունները (ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հետ կանչելը, Դավութօղլուի հայտարարությունները) հայկական կողմի համար, ըստ Արմեն Ռուստամյանի, պետք է սթափեցնող ազդեցություն ունենան, և հասկանանք, որ այն ամենից, ինչ Թուրքիան ցանկանում էր ստանալ, չի հրաժարվել և չի հրաժարվելու, ու ամեն ինչ օգտագործելու է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, մասնավորապես Ղարաբաղի հարցով։ Արմեն Ռուստամյանը նշել է, որ թուրքերն արդեն ոչ միայն նախապայմանների լեզվով են խոսում, այլև պատերազմի սպառնալիքով.

-Եթե այն ժամանակ սպառնում էին միայն ադրբեջանցիները, հիմա նաև Թուրքիան է ավելացել։ Երբ մենք ասում էինք, որ այս արձանագրություններից մենք ոչ թե օգտվեցինք, այլ ընդհակառակը՝ վտանգները մեծացրինք, դա այդպես է։ Հիմա ավելի է մեծացել նոր պատերազմ սկսելու վտանգը,-ընդգծել է Ա. Ռուստամյանը,- թուրքերն ասում են, որ արձանագրությունները ստորագրելով՝ արդեն իսկ մեծ զիջում են արել հայերին, և հիմա զիջելու հերթը Հայաստանինն է։ Իսկ Հայաստանը որտե՞ղ պետք է զիջի՝ ղարաբաղյան ճակատում։

Այսուհետև, Արմեն Ռուստամյանի կարծիքով, այն, ինչ մինչ այսօր ադրբեջանցիներն անում էին բոլոր միջազգային կառույցներում իրենց նոր ագրեսիան հիմնավորելու համար, դրա համար հող են ստանում։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան գործընթացի արագացմանը, ապա նա ասել է. «Գործընթացը կարագանա, եթե Հայաստանը զիջի իր դիրքերը, այսինքն՝ պետք է համաձայնվենք, որ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, և գործընթացը կարագացվի։ Երբ էլ այդ զիջումը կատարվեր, հարցը կլուծվեր։ Արագացնելու այլ սցենար չկա»։ Նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններով գործընթացի արագացման տպավորություն ստեղծեցին և Հայաստանին ներքաշեցին այդ փուլի մեջ, հիմա էլ ստիպված ենք բացատրել, թե ինչու այդ գործընթացն այդքան արագ չպետք է ընթանա՝ միևնույն ժամանակ բացատրելով, որ ցանկանում ենք, որ սահմանները բացվեն և այլն. «Հայտնվել ենք մի վիճակում, երբ մեզ անընդհատ թելադրում են, և մենք ինչ-որ քայլեր ենք փորձում կատարել սրան-նրան բավարարելու համար»։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը