Լրահոս

08.12.2010 14:01


ՀՀ նախագահի ստորագրած օրենքի հետևանքով տուժում են ապագա մայրերը

Այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները  և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը քննարկել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները։

-Սոցիալական խարտիայի (որին միացել է նաև Հայաստանը) 8-րդ հոդվածը ասում է. «Աշխատող կանանց մայրության պաշտպանվածության իրավունքի, աշխատող կանանց մայրության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով կողմերը պարտավոր են աշխատող կանանց ապահովել առնվազն մինչև 14-շաբաթյա արձակուրդով երեխայի ծննդից առաջ և հետո միասին վերցրած՝ վարձատրվող արձակուրդի, սոցիալական ապահովության համապատասխան նպաստների կամ հասարակական ֆոնդերից ստացվող նպաստների հիման վրա»։ Իսկ ՀՀ սահմանադրության 35-րդ հոդվածը նախատեսում է. «Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է։ Յուրաքանչյուր աշխատող կին հղիության և ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի և նոր ծնված երեխայի խնամքի կամ երեխայի որդեգրման համար արձակուրդի իրավունք առնվազն 140 օր»,-ասել է Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, թե դա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը փորձում է այդ գումարների հաշվին համալրել բյուջեն։

Իսկ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տաթևիկ Դավթյանը նշել է, որ օրենքի հետևանքով տուժելու են բոլոր կանայք և ոչ միայն.

-Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված յուրաքանչյուր ոք, ով վաստակում է ՀՀ նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ավելի (162 500 դրամ և ավելի), իր ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված ժամանակահատվածում պետք է փոխհատուցվի միայն հնգապատիկի չափով»։ Եվ բոլոր քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես անաշխատունակ կճանաչվեն, այլևս հարկվելու է նրանց վճարված գումարը, այսինքն նրանց եկամուտը այսպես թե այնպես նվազելու է»։

Այս խորագրի վերջին նյութերը