Լրահոս

05.03.2010 13:55


ՀԱՀ-ը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ քվեարկությամբ ընդունած թիվ 252 բանաձեւը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետության արտաքին քաղաքականությունը հստակեցվի եւ ըմբռնում ցուցաբերվի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ նմանօրինակ իրադարձություններին, այդ թվում՝ կարեւորվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:

Երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը տարաբնույթ քննարկումների է ենթարկվում աշխարհի պետությունների օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Ավելի քան 20 պետություններ եւ միջազգային կազմակերպություններ են ճանաչել ու դատապարտել 1915-1923թթ. Արեւմտյան Հայաստանի (ներկայումս՝ Թուրքիայի) տարածքում 1,5-3 մլն հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որի պատճառով հայությունը կորցրեց իր հայրենիքի մեծ մասը եւ ազգային դիմադրության բոլոր հնարավորությունները:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումները նաեւ ցույց տվեցին, թե ամերիկացիների մի մասը ինչպես է բացահայտորեն անտեսում պատմական արդարության հանգամանքը: Նույնիսկ նրանք, ովքեր չքվեարկեցին ի օգուտ թիվ 252 բանաձեւի, հիմնականում ընդունում էին Հայոց ցեղասպանության փաստը, սակայն պատրաստ են դա անտեսել, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է:

Կարեւոր է, որ հնչեց այն միտքը, թե Գերմանիան էլ էր ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, երբ դատապարտվեց հրեական հոլոքոսթը, ուստի՝ Թուրքիան էլ պետք է հասկանա , որ եղել է ցեղասպանություն, դա փաստ է եւ այն դատապարտվում է:

Սակայն չմանրամասնվեց, թե արդյո՞ք Թուրքիան Գերմանիայի պես պետք է հատուցի պատճառած բոլոր վնասները: Ավելին՝ եթե հրեաները ցեղասպանվել էին եվրոպական երկրներում եւ պատմական տարածք չէին կորցրել, ապա հայերը ցեղասպանվել են իրենց հայրենիքում եւ երկրի զգալի մասը կորցրել են, որն այժմ ցեղասպանների տիրապետության տակ է:

Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը հույս է հայտնում, որ այս անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսում հաշվի կառնվի այս ամենը եւ Հայոց ցեղասպանության հարցը եւս մեկ անգամ չի դառնա շահարկման առարկա Թուրքիայի հետ հարաբերություններում:

Իսկ դրա նախադրյալները երեւակվեցին Պալատի քննարկումների ժամանակ: Առավելապես շահարկվելու է հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրումը: Ուստի՝ ՀՀ իշխանություններին առաջարկում ենք՝

1. Մինչեւ ապրիլի 24-ը սառեցնել հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկումները: Սպասել, թե ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման կկատարի՞ վերջապես իր խոստումը եւ կարտասանի՞ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:

2. Թուրքիայից պահանջել, որ դադարեցնի հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկումների ընթացքում Արցախի, Հայոց ցեղասպանության եւ տարածքային այլ խնդիրների շահարկումները, որոնք փորձում է նաեւ դարձնել նախապայմաններ: Շարունակվելու դեպքում չեղյալ համարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջնորդվել ցեղասպանության դատապարտման եւ տարածքային պահանջատիրական խնդիրներով:

Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը համայն հայությանը կոչ է անում՝ անկախ ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումից, հետապնդել Հայ Դատը եւ այն հասցնել վերջնական ու փաստացի հաղթանակի:

Հայ ազգայնականների համախմբման  խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը