Լրահոս

09.02.2011 13:55


Ձերբակալվել են «Դոմոդեդովո»-ի ահաբեկչի չորս հանցակիցները

«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է չորս մարդ։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ինգուշեթիայի հանրապետության իրավապաշտպան մարմինների աղբյուրին։

Ձերբակալվածները՝ 16-ամյա Ահմեդ և 20-ամյա Ֆաթիմա Եվլոևները, «Коммерсант»-ի փոխանցմամբ, մահապարտ ահաբեկիչ Մուհամեդ Եվլոևի եղբայրն ու քույրն են։ Նշենք նաև, որ լրատվամիջոցը այլ տարիք է նշում՝ Ահմեդինը՝ 15 և Ֆաթիմայինը՝ 16։ Դատարանը նրանց ձերբակալելու թույլտվություն է տվել։

Բերման ենթարկվածներից երրորդ 20-ամյա Ադամ Գանիժևն է, սակայն դատարանը նրան ձերբակալելու թույլտվություն դեռևս չի տվել՝ նրա գործի փաստաթղթերում  անձը հաստատող տվյալների անհամապատասխանության պատճառով։ Գանիժևի ձերբակալությունը հետաձգվել է 72 ժամով։

Ահաբեկիչների վերջին հանցակիցը 23-ամյա Ումար Աուշևն է։ Նա և Եվլոևները ձերբակալվել են երկու ամսով։ Հետաքննության վարկածով նա մահապարտին ուղեկցել է Մոսկվա։

«ИТАР-ТАСС»-ի տեղեկացմամբ՝ փորձաքննության ընթացքում Ահմեդ Եվլոևի ձեռքերին հայտնաբերվել են հետքեր այնպիսի պայթուցիկի, որը համընկնում է էր մահապարտի պայթեցրածի հետ։

Եվս մեկ կասկածյալի՝ Իսլամ Եվլոևի նկատմամբ հետախուզում են հայտարարել։ Մուհամեդ Եվլոևի հետ նրա ազգակցական կապի մասին տեղեկություններ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը