Լրահոս

04.03.2010 15:33


Վահրամ Աթանեսյան. «Մենք այսպես ենք տեսնում խնդրի կարգավորումը»

Վահրամ Աթանեսյան. «Մենք այսպես ենք տեսնում խնդրի կարգավորումը»

-Ղարաբաղյան գործընթացում էական փոփոխություններ, իմ գնահատմամբ, չեն եղել, և մոտ ժամանակներս արմատական որևէ զարգացման սպասելը նույնպես ճիշտ չէր լինի,- «Տեսակետ» ակումբում ասել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, նա նշել է, որ իր կարծիքով բանակցային գործընթացում այսօր որոշակի դադար է՝ կապված այն բանի հետ, որ ադրբեջանական կողմը համառորեն փորձում է խեղաթյուրել և՛ խնդրի էությունը, և՛ բանակցային գործընթացը, և՛ կարգավորման հեռանկարն առհասարակ։ Դա մասնավորապես վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքի ադրբեջանական կողմի յուրովի մեկնաբանությանը։

-Ազգերի ինքնորոշման իրավունք ասելով՝ մենք Ղարաբաղում՝ Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերս, հասկանում ենք իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում, այսինքն՝ ներկա փաստացի անկախության միջազգային ճանաչում, որը մեր կարծիքով խնդրի կարգավորման ամենաօպտիմալ տարբերակն է։ Դրանով միջազգայնորեն ԼՂՀ-ն ճանաչվում է որպես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա կայացած գործուն պետություն, որից հետո ԼՂՀ-ն, որպես բանակցային գործընթացի լիիրավ անդամ, կարողանում է Ադրբեջանի հետ քննարկել բոլոր վիճելի հարցերը։ Մենք այսպես ենք տեսնում խնդրի կարգավորումը,- ընդգծել է Վահրամ Աթանեսյանը։

Թե որքանով դա կարող է իրականացվել մոտ ժամանակներս, Վ. Աթանեսյանը չի կարող ասել, բայց «ԼՂՀ գործադիր իշխանությունը, ԼՂՀ նախագահի գլխավորությամբ, վարում է այն արտաքին քաղաքականությունը, որը ենթադրում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք և լիիրավ մասնակցության ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը հնարավոր չէ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը