Լրահոս

04.03.2010 12:44


Oxfam–ը ներկայացրել է 15–ամյա գործունեության արդյունքները

Oxfam–ը ներկայացրել է 15–ամյա գործունեության արդյունքները

Մարտի 4-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել շնորհանդես, որի ժամանակ «Օքսֆամ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ներկայացրել է Հայաստանում իր 15-ամյա գործունեության արդյունքները, մարտահրավերներն ու առաջիկա տարիների ընթացքում իր գործունեության նպատակները՝ նվազեցնել աղքատությունն ու խոցելիությունը Հայաստանի աղքատ գյուղական համայնքներում։

Շնորհանդեսին ելույթ են ունեցել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, «Ապավեն համայնքներին» ՀԿ նախագահ Կարեն Առաքելյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը, շահառուներ Վահե Ներսիսյանը և Նառա Ղազումյանը։

«Օքսֆամ» բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը 1994-ից Հայաստանում իրականացնում է մարդասիրական և համայնքների զարգացման տարաբնույթ ծրագրեր։ Ներկայումս «Օքսֆամը» տեղական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի 6 մարզերի ավելի քան 165 գյուղական հեռավոր և սահմանամերձ համայնքներում իրականացնում է հետևյալ ծրագրերը՝ «Հայաստանի սահմանամերձ մարզերում համայնքային առողջության առաջնային պահպանումը», «Կանանց դերը և ձայնը կառավարման գործընթացում», «Համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում. կարողությունների և հանձնառությունների հզորացում» և «Հայաստանի գյուղական համայնքների կայուն կենսապահովման զարգացումը»։

-Մեր գյուղն ունի մոտավորապես 1000 բնակիչ, գտնվում է Հայաստանի հարավարևմտյան մասում, սահմանամերձ գյուղ է և բավական կտրված մայր կենտրոնից (մոտ 40կմ), ճանապարհները լեռնային են, դժվարանցանելի։ 1998-ից, երբ պետական միջոցները չէին բավականացնում բուժկետերը վերազննելու և դեղորայքով ապահովելու համար, «Օքսֆամի» գործունեությունը շատ տեղին էր ու ժամանակին,- ասել է Եղեգնաձոր շրջանի Խաչիկ գյուղի բուժակ Վահե Ներսիսյանը՝ հավելելով,- այսօր մենք բավական ձեռքբերումներ ունենք, բավական առաջ ենք անցել, և հիմա, երբ պետությունն ստանձնել է իր պարտավորությունները բուժկետերը պահելու համար, արդեն բավական արդյունքներ ունենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը