Հարցազրույց

03.03.2010 23:28


Լուսինե Սահակյան

Լուսինե Սահակյան

Հարցազրույց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հետ

-Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի գործով ընթացող դատավարությունն ինչպե՞ս եք գնահատում։

-Գնահատում եմ որպես օրենքի կոպիտ խախտումներով սկսված քննություն և կարծում եմ, որ դատարանը չի կարող այս գործն օբյեկտիվ և բազմակողմանի քննել, որովհետև դատարանն արդեն իսկ ապացուցել է, որ իրեն ընդհանրապես չեն հետաքրքրում վերաքննիչ բողոքում նշված փաստարկները և ուղղակի ցանկացած գնով արագ ընթացակարգերով ցանկանում է ավարտել գործը։

-Մեղադրող կողմն ինքն էլ էր վերաքննիչ բողոքով դիմել դատարան, որպեսզի առաջարկված մեղադրանքի երկրորդ կետով էլ Նիկոլ Փաշինյանը մեղավոր ճանաչվի։ Ըստ ձեզ՝ այս քայլն ի՞նչ ենթատեքստ ունի։

-Կարծում եմ՝ քանի որ, ըստ էության, մեղադրանքի առումով իրենք գտել են, որ Նիկոլ Փաշինյանի արարքը 316-րդ հոդվածով ևս հիմնավորված է, ուստի ստիպված էին վերաքննիչ բողոք բերել, բայց չեմ կարող նաև բացառել, որ Վերաքննիչ դատարանը հերթական ապօրինությանը կարող է գնալ և նաև այդ հոդվածով մեղավոր ճանաչել Նիկոլ Փաշինյանին,  չնայած դա ո՛չ տրամաբանության, ո՛չ օրենքի հետ ընդհանրապես կապ չունի։ Ինչպես 225-րդ հոդվածով էին մեղավոր ճանաչել, երբ մեղքը հիմանավորող ոչ մի ապացույց չկար, նույն կերպ չեմ բացառում, որ 316-րդ հոդվածով ևս կայացնեն մեղադրական դատական ակտ, չնայած նշեմ, որ առաջինից մինչև վերջին վայրկյանը ձայնագրությունն ունենք, և նաև փորձագետի եզրակացությունը կա, որ այդ ձայնագրությունը մոնտաժված չէ, ամբողջական է, և այնտեղ շատ հստակ երևում է, թե ինչ իրադարձություններ են ծավալվել 2007թ. հոկտեմբերի 23-ին։ Ուստի նման ապացույցների պայմաններում կայացնել մեղադրական դատավճիռ, մեղադրական դատական ակտ ես ուղղակի պատկերացնել չեմ կարող։ Բայց ապօրինություններն այնքան մեծ են, որ չենք կարող ասել, թե իրենց ապօրինություններով դատական ատյաններն ինչ աստիճանի կարող են հասնել։ 

-Մինչև ո՞ր ատյանն եք մտադիր հասնել։

-Իհարկե սպառելու ենք մեր պետական բոլոր ատյանները, որպեսզի դիմենք Եվրոպական դատարան։

-Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունն ընդհանրապես ինչպիսի՞ն է՝ ոգևորվա՞ծ է, թե՞ տրամադրության որոշակի անկում, այդուհանդերձ, կա։

-Իհարկե տրամադրության անկում չկա. ինքը շատ հանգիստ է վերաբերվում այդ ամենին։ Նա գտնում է, որ դա իր պայքարի ձևերից մեկն է և նաև հնարավորություն, որ ժողովուրդը ևս մեկ անգամ լսի իր խոսքը, և ինքը կարողանա վերջին հաշվով իր պայքարի այդ ձևը ևս օգտագործել ժողովրդավարական երկրի հասնելու համար։

-Բազմաթիվ կարծիքներ կան, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հաշվեհարդար են տեսնում։ Դուք ի՞նչ կասեք այդ մասին, և արդյոք հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանությունները գնան իրենց որոշումը վերանայելու քայլին։

-Այն, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, ոչ թե կարծիք է, այլ մենք արդեն ապացույցներով կարող ենք հիմնավորել, որ իրականում սա քաղաքական հետապնդում է, որովհետև այլ կերպ պատկերացնել այս դատական ակտերը և այս դատավարությունները ուղղակի հնարավոր չէ։ Իսկ թե իշխանություններն իրենց տրամադրվածությունը և մարտավարությունը կփոխեն, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև ես արդեն բազմիցս նշել եմ, որ վերջին տարիներին ես ուղղակի ոչ մի տրամաբանական քայլ չեմ տեսնում, ուստի և գտնում եմ, որ անիմաստ է տրամաբանելը, թե ինչ կլինի։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը