Լրահոս

03.03.2010 16:27


ԱԱԾ քննչական վարչության քննիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության  քննիչի կողմից կաշառք ստանալու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2009թ. հուլիսի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ  ՀՀԳՎ 8-րդ բաժնի  աշխատակիցները «Զվարթնոց»  օդանավակայանում  կրկնակի զննման  են ենթարկել  Թեհրանից Երևան ժամանած  ՀՀ քաղաքացիներ  Հ. Գևորգյանին և Մ. Ավետիսյանին, որի արդյունքում   Մ. Ավետիսյանի մոտ հայտնաբերվել է  մաքսային հսկողությունից թաքցրած, ապօրինի ձեռք բերած 0,5 մգ քացախաթթվի անհիդրիդ:

Դեպքի  առթիվ  նախապատրաստված նյութերն  ուղարկվել են  ՀՀ ԿԱ ԱԱԾ  քննչական վարչություն, իսկ 2009թ.  հուլիսի 15-ին  նյութերի նախապատրաստումը  հանձնարարվել է  նույն վարչության քննիչ  Վլադիմիր Կոթոլյանին: Սակայն քրեական գործի հարուցումը մերժելու և Մ. Ավետիսյանին և  Հ. Գևորգյանին  քրեական պատասխանատվության չենթարկելու համար քննիչ Վ. Կոթոլյանը Հ. Գևորգյանից պահանջել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք:
Պահանջված գումարը երկու  մասնաբաժնով՝ 2000-ական ԱՄՆ դոլար, Վ. Կոթոլյանն ստացել է  2009թ.  հուլիսի և օգոստոս ամիսներին՝ «Մամա-Միա» սրճարանում:         
Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Վ. Կոթոլյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործն  ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը