Լրահոս

03.03.2010 14:59


Հարություն Առաքելյան. «Ցանկացած հանցագործի հանցագործ լինել–չլինելը որոշվում է դատարանում»

-Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին պետք է ԱՄՆ-ի ժողովրդին,-«Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։

Նա նշել է, որ եթե Օբաման «ցեղասպանություն» բառն արտասանի, պետք չէ շատ ոգևորվել, և ոչ էլ պետք  է շատ հիասթափվել եթե դա տեղի չունենա։ Նա նշել է, որ Ցեղասպանության և ընդհանրապես Հայ դատի հարցը մարդկության հանդեպ իրականացված հանցագործություն է, իսկ ցանկացած հանցագործի հանցագործ լինել-չլինելը որոշվում է դատարանում։ Հետևաբար, ըստ Հարություն Առաքելյանի, ցեղասպանության ճանաչման մի ելք կա՝ Հայաստանի Հանրապետության կողմից Հաագայի միջազգային դատարան դիմելը։

-Եթե նույնիսկ ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությունը, ի՞նչ է դա մեզ տալիս։ Բարոյական հաղթանակից բացի՝ ոչինչ։ Իրավական առումով մեր հարցերը չեն լուծվում,- ասել է Հ.Առաքելյանը։

Հարություն Առաքելյանի կարծիքով՝ 22 պետությունների կողմից ցեղասպանությունը ճանաչած լինելու փաստը պետք է գումարվի առկա փաստերին, դրանք կենտրոնացվեն Հայաստանում, հավաքվի իրավաբանների խումբ, և հայց ներկայացվի միջազգային դատարան։

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման հավանականությանը՝ Հարություն Առաքելյանը նշել է, որ նրա արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, հնարավոր է, ընդունի բանաձևը, սակայն ԱՄՆ-ը հայոց ցեղասպանության հարցը մշտապես օգտագործել է որպես Թուրքիայի վրա ճնշման լծակ։ Հետևաբար, նրա կարծիքով, հանուն հայոց ազգի զոհերի հիշատակի և արդարության՝ խաչ չի քաշի այն միլիարդների վրա, որ նա ներդրել է Թուրքիայի տնտեսության մեջ և Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ձևավորված քաղաքական հարաբերությունների վրա։ 

-Ես կարծում եմ, որ Կոնգրեսը ոչ միայն չի ճանաչի, այլև բանաձևը նույնիսկ չի մտնի քվերակության, որ ճանաչվի կամ չճանաչվի։ Հանձնաժողովը միգուցե կընդունի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը