Լրահոս

03.03.2010 14:43


Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակի միջոցառումներ Թբիլիսիում

Սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ առաքելական Ս. Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, բազմաթիվ վիրահայեր ս.թ. մարտի 2-ին այցելել են հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջեվանքի պանթեոն, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

Երեկոյան, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված դասական երաժշտության համերգ: Կոմիտասի, Խաչատրյանի, արեւմտաեվրոպական դասականների ստեղծագործությունները կատարել են վրաստանաբնակ տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտները, ասմունքային կատարումներով հանդես են եկել Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանները:

Փետրվարի 28-ին Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին եկեղեցում, նաեւ վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում կատարվել են պատարագի եւ հոգեհանգստյան արարողություններ' ի հիշատակ եղերական իրադարձությունների անմեղ զոհերի:

Այս խորագրի վերջին նյութերը