Լրահոս

03.03.2010 14:42


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Նշելով, որ  Եվրամիության հետ համագործակցությունը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթ  նպատակներից է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ եւս ակնկալում է ակտիվ աշխատանք:

Դեսպան Ռաչինսկին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը' խորացնելու փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Նա ասել է, որ այստեղ գտնվելու մեկ շաբաթվա ընթացքում արդեն իսկ համոզվել է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է  Լեհաստանի եւ ընդհանրապես  Եվրամիության հետ որակական նոր հարաբերությունների զարգացմամբ:

Դեսպանը նաեւ նշել է, որ Լեհաստանը Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի նախաձեռնողներից մեկն է, ինչը լավ հիմք կարող է լինել ակտիվ փոխգործակցության համար: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտելու է առավելագույնս օգտագործել ծրագրի ընձեռած հնարավորությունները:

Հանրապետության նախագահը եւ նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-լեհական փոխգործակցության հնարավոր ուղղությունների, տնտեսական նախագծերի շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարեւորել է հումանիտար ոլորտում կապերի ընդլայնումը: Կողմերը երկու երկրները շաղկապող բնական կամուրջ են համարել լեհահայ համայնքը:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը