Լրահոս

02.03.2010 17:55


Սերժ Սարգսյանն ընդունել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրամիությունում նախագահող երկրի' Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությանը:    

Շնորհավորելով Իսպանիայի արտգործնախարարին' Եվրամիության նախագահությունը ստանձնելու եւ Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակը եւ կարեւորել դրա հետագա խորացումը: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատնտեսական օժանդակության եւ խորհրդատվական աջակցության համար:

«Այս այցը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու ԵՄ-ի ռազմավարական տեսլականի վկայությունն է»,- նշել է Միգել Անխել Մորատինոսը: Իսպանիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ բարձր մակարդակով փոխադարձ այցերը նոր էջ են բացում Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում եւ ընդհանուր ապագայի տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորություն են տալիս: «Մենք այսօր երկխոսության ինտենսիվ օրակարգ ունենք եւ ԵՄ-ում իր նախագահության ընթացքում Իսպանիան պատրաստ է նպաստելու  հարաբերությունների հետագա խորացմանը' համագործակցության ողջ սպեկտրով»,- նշել է արտգործնախարար Մորատինոսը:

Նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Մորատինոսը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի առաջնահերթություններին, քննարկել ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմի դյուրացման եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցություններին վերաբերող հարցեր:  

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել  են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Քննարկված խնդիրների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները: Միգել Անխել Մորատինոսը համոզմունք է հայտնել, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ճանապարհ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: «Խնդրի լուծումը կարող է գտնվել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով», - ընդգծել է Իսպանիայի արտգործնախարարը:  

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրամիության պատվիրակությունը նշված խնդիրների շուրջ քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը