Լրահոս

02.03.2010 17:49


Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև անց են կացվել քաղաքական խորհրդատվություններ

Մարտի 2-ին Երեւանում Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ' վարչությունների ղեկավարների մակարդակով:

Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում քաղաքական երկխոսության օրակարգի, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության եւ հարավկովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն ընդգծեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շարունակականության անհրաժեշտությունը:

Քննարկումների ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Շոշափվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:

Հայաստանի և Նորվեգիայի դիվանագետների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդատվությունների անցկացմանը հաղորդել պարբերական բնույթ:

Այս խորագրի վերջին նյութերը