Լրահոս

02.03.2010 15:12


ՀՀ քաղծառայության պետ. «Նժդեհի անունն էլ է էժանանում»

ՀՀ քաղծառայության պետ. «Նժդեհի  անունն էլ է էժանանում»

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր «Արցախ» ակումբում լրագրողներին ասել է, որ նախարարի փոփոխությունը չի կարող հանգեցնել նախարարության քաղծառայողների փոփոխության, և թիմով գալու, թիմով էլ հեռանալու «ավանդույթը» նվազել է։

-Մեր բոլոր քաղաքական պաշտոնյաները պետք է իմանան, որ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունների դեպքում իրենք պե՛տք է փոփոխվեն, իրենք պե՛տք է գան և գնան, բայց աշխատակազմի ղեկավարները և ընդհանրապես բոլոր քաղաքացիական ծառայողները' որպես պրոֆեսիոնալներ, մասնագետներ, պե՛տք է մնան և կայուն ու պաշտպանված լինելով օրենքով՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնեն,-հայտարարել է Մ. Բադալյանը՝ միաժամանակ հավելելով, սակայն, որ նախարարները թեև թիմով չեն գալիս, բայց, այդուհանդերձ, կա՛մ հետո են նախարարության աշխատակիցներին դարձնում իրենց կուսակցական, կա՛մ էլ վերջիններն են ինքնակամ անդամագրվում։

-Կուսակցականացման միտում ենք անընդհատ տեսնում աշխատակազմերում։ Հատկապես կոալիցիոն կառավարության դեպքում, երբ որ գրեթե բոլոր նախարարները տարբեր կուսակցությունների անդամներ են, յուրաքանչյուր աշխատակազմում մարմինների ղեկավարների կողմից կուսակցականացման ավելորդ ջանասիրություն եմ նկատում և ուզում եմ ասել, որ դա իրենց պատիվ չի բերում։ Իրենց պատիվ կբերի, եթե աշխատակազմերը համալրվեն որակյալ, բանիմաց, փորձառու մասնագետներով ու մարդկանցով,-ասել է Քաղծառայության խորհրդի նախագահը.

-Տեսնում ես՝ երեկ հանրապետական էր, այսօր «Օրինաց երկրի» կրծքանշանով է, որովհետև երեկ չէ առաջին օրը նախարար է դարձել օրինացերկրացին։ Հիմա վաղը դաշնակցականը, հանրապետականը կգա՞՝ կդառնա։ Մեղք է այս ժողովուրդը, մե՛ղք է։ Այդ արժեքային համակարգի տեր մարդուց լուրջ պետական ծառայող դուրս չի գալու, ինքան ուզում ես՝ հղկի, շտկի, ինչքան ուզում ես՝ պահանջի. սկզբունք չկա։

Մ. Բադալյանի խոսքերով՝ քաղաքացիական ծառայության համակարգի ամբողջ փիլիսոփայությանը կուսակցականացումը դեմ է, և քաղծառայող նշանակալու ժամանակ տվյալ անձնավորության կուսակցական պատկանելությունը չի դիտարկվում։

-Կան շատ-շատերը, ովքեր մի քանի կուսակցական տոմսեր են կրում իրենց տարբեր գրպաններում։ Նման մարդկանց հետ շատ հեշտ չէ մեծ արդյունքների հասնել։ Եկեք կոչ անենք նման մարդկանց, որ մի քիչ ավելի սկզբունքային լինեն։ Նման մարդն իր աշխատանքում չի կարող սկզբունքային լինել,-ասել է Քաղծառայության խորհրդի նախագահը՝ նշելով նաև, որ լինում են դեպքեր, երբ որևէ նախարարի փոփոխությունից կես կամ մեկ ժամ անց աշխատակիցները դառնում են նորանշանակ նախարարի կուսակցության անդամ.

-Առաջ հարում էր ասենք թե չգիտեմ ում, հիմա հարում է Նժդեհին։ Այդ մարդու անունն էլ է  էժանանում։ Այդ մեծ մարդն ափսոս է, որ այսքանին այսպես տեղին-անտեղին տալիս են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը