Լրահոս

08.09.2018 17:01


Դատական համակարգի անկախացումը` հանրային պահանջ. հանդիպում-քննարկում (ֆոտոշարք)

Դատական համակարգի անկախացումը` հանրային պահանջ.  հանդիպում-քննարկում (ֆոտոշարք)

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» սրահում այս շաբաթ տեղի ունեցած «ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» խորագրով հանդիպում-քննարկմանը նախաձեռնության անդամներից բացի մասնակցում էին իրավագետներ, իրավապաշտպաններ և փաստաբաններ: Հյուրերը նշեցին, որ դատական համակարգի անկախացման գործընթացը պիտի լինի հանրային պահանջ, որի դրսևորումներից մեկն էլ նման քննարկումներն են:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, խոսելով դատավորների՝ գործադիր իշխանությունից կախման մասին՝ ընդգծեց, որ նոր իրավիճակում, երբ «բաց է վանդակի դուռը», շատ դատավորներ չեն կողմնորոշվում՝ ինչ անել: «Չհաշված առանձին փոքրաթիվ բացառությունները՝ քրեական գործերով զբաղվող դատավորները պատրաստ չեղան օգտվել այդ հնարավորությունից, ու դա ունի շատ հասկանալի, օբյեկտիվ բացատրություն: Այդ դատավորները նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից»,-ասաց նա:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանությունը դատարանում իրավական պետություն կերտելու ճանապարհին: «Հայաստանում այդ վստահությունը դատարանների նկատմամբ հեղափոխությունից հետո անգամ գոյություն չունի: Մենք տեսնում ենք այդ իրավիճակը տարբեր նախարարությունների առաջ խմբված մարդկանց տեսքով: Դատական համակարգի՝ կայացած լինելու պարագայում այդ մարդիկ չէին հայտնվի նախարարությունների առջև, չէին ողողի դրանք իրենց բողոքներով, այլ կվիճարկեին իրենց խնդիրները դատական մակարդակով: Երկրում տեղի է ունեցել փոփոխություն, սակայն դատական համակարգը մնացել է նույնը՝ նույն անվստահությունն է տիրում դատական համակարգի նկատմամբ»,-նշեց նա:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ներկայացրեց այն քայլերը, որ, իր դիտարկմամբ, անհրաժեշտ են արդարադատության համակարգի գնահատման և բարեփոխման համար: «Անկախության որոշման համար ինդիկատորներ կան: Առաջինը՝ Հայաստանում արդարացման վճիռներ համարյա չեն լինում. ասենք, մեկին մի քանի հոդվածներով արդարացնում են, բայց մի հոդվածով, միևնույնն է, դատում են: Կարող եմ ասել, որ արդարացման վճիռներ գործնականում չեն լինում: Խափանման միջոցները ևս լավ ինդիկատոր են: Հեղափոխությունից հետո, իհարկե, սկսել են ավելի քիչ կիրառվել: Բայց պատմեմ հեղափոխությունից առաջ եղած մի դեպք. քրեակատարողական հիմնարկներից մեկի պաշտոնյայի հետ զրուցում էի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության մասին, նա ասաց. «Էս վերջերս նախարարը հավաքել էր դատավորներին, ձեռքը խփել էր սեղանին և ասել՝ շատ մի կիրառեք կալանքը. և սկսել են քիչ կիրառել»: Փաստորեն, ընդունել էր, որ անկախ չեն: Դատավորների անկախությունն ամենակարևորն է՝ ոստիկանությունից մինչև դատախազություն, դատարան»,-ասաց Ավետիք Իշխանյանը: Նա, որպես բարեփոխման առաջին քայլ՝ նշեց դատական կազմի փոփոխության խնդիրը: «Դատարանը պիտի լինի ոչ միայն գործադիր իշխանությունից և կոռուպցիայից զերծ, այլև հասարակական ճնշումներից զերծ: Իհարկե, դատարանները սովոր են ճնշման, սպասում են, մի մասն էլ գուցե դեռ ճնշման տակ է: Բայց հասարակական ճնշումն անհամեմատելի է,- ասաց նա,-պետք է հասարակությունը պահանջի դատաիրավական փոփոխություններ: Դատավորը պիտի լինի այնպիսի մարդ, որ պիտի լինի և՛ ներքին անկախ, և՛ արտաքին ճնշումներից անկախ, և՛ պետք է լինի բարձր մակարդակի անաչառ իրավաբան»:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ևս կարևորեց հանրության վերաբերմունքի փոփոխությունն արդարադատության հանդեպ: Նա մեծ խնդիր չհամարեց դատավորների նշանակման կարգը՝ փաստելով, որ թագավորական դատավորներ կան բազմաթիվ երկրներում, և այնտեղ դա բարձր պատիվ է, որ մարդիկ կրում են մեծ պատկառանքով և հպարտությամբ: Նա կարևորեց դատավորների անձնային որակները, սակայն համոզմունք հայտնեց, որ մեկ հոգու կողմից ցուցակները հաստատել-չհաստատելը սխալ է. պետք է դրանք կազմեն և դատավորների նշանակումները որոշեց հանձնաժողովային մարմինները: «Փոխվել է հիմա կարգը. արդյո՞ք դա բավարար պայման է, որ դատարանն սկսի անկախ գործել: Նախ հստակեցնենք, որ հասարակությունն ունի իներցիոն զարգացման հատկություն: Ոչ հասարակությունը, ոչ էլ դատավորները չեն փոխվելու միայն այն պատճառով, որ կարգախոսներն են փոխվել, նոր կոչեր են հնչում՝ և անկեղծ են հնչում: Դա ամենևին չպետք է հույս տա հասարակությանը, թե հիմա անմիջապես ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց նա: Լարիսա Ալավերդյանը նաև խնդրահարույց համարեց ատենակալների ինստիտուտից հրաժարվելը. «Բացատրությունն այստեղ եղել է նույնը, ինչ Ցարական Ռուսաստանում. բնութագրվել է Հայաստանը՝ որպես հետամնաց, խիստ իրար հետ կապված և ոչ այնքան վստահելի հասարակություն ունեցող երկիր, որտեղ ատենակաների ինստիտուտը չի կարող աշխատել»: Սակայն ամենամեծ խնդիրն, ըստ նրա, հասարակության իրավական անգրագիտությունն է. «Ասեմ նաև, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին օրերի որոշ արտահայտություններ պարզապես ապշեցնում են. օգտագործվող բառապաշարը խոսում է այն մասին, որ ճանապարհը երկար է լինելու, դժվար, և մեզ վրա շատ թանկ է նստելու»,-ամփոփեց նա:

Դատավորների մասնագիտական ինքնավստահության, գործադիր իշխանության առջև արժանապատվությունը պահելու և չկաշկանդվելու խնդիրն առաջնային համարեց փաստաբան, իրավապաշտպան Հայկ Եգանյանը: Ըստ նրա՝ ներքին անկախություն և խիղճ ունեցող դատավորներ են պետք. Նրանց առկայությամբ արագ կվերականգվի դատարանի նկատմամբ հանրության վստահությունը: Նա կարևորեց նաև քաղաքացիների տնտեսական պատպանվածությունը՝ առաջարկելով մոնիտորինգ անել պետություն-քաղաքացի-բանկ հարաբերությունները, նաև՝ Եվրադատարանում պարտված դատավորներին պատժել՝ ազատվելով պաշտոնից, այն դեպքում, երբ պետությունն ընդունի իր պարտությունը, նվազեցնել նախադեպային ինստիտուտի դերը, բարձրացնել դատավորների տարիքային շեմը, և նույնիսկ՝ ինչ-որ կերպ գնահատել այդ մարդկանց մեջ խղճի առկայությունը. «Ամերիկան խղճին տվել է իրավական բնորոշում. «Մարդու ներքին, որ հավասար է աստվածայինին»»,-որպես դատարանների հանդեպ հանրության վստահության հաստատման միջոց՝ առաջարկեց նա:

Հանդիպումն ամփոփեց «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հիմնադիր-անդամ Գևորգ Թադևոսյանը՝ կարևորելով բարեփոխումների ճանապարհին զգուշորեն գործելու և, իրապես, դեպի առավել զարգացած համակարգն ընթանալու խնդիրը, որպեսզի «երբ քանդենք այս համակարգը, հաջորդ համակարգն ավելի անկախ կլինի, քան այն, ինչ կար մինչև հիմա: Հարցն այն է, որ մենք կարողանանք վերականգնել այն, ինչ մենք կորցրել ենք ու կարողանանք մրցակցային բավարար հիմք ստեղծել Նոր Հայաստանի ստեղծման համար»:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»

«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը