Լրահոս

02.03.2010 12:30


Տեղի է ունեցել Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մարտի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության պատվիրակությանը' ԵՄ նախագահող երկրի' Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակությանը' Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Միգել Անխել Մորատինոսին ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև' Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով:

Բնութագրելով Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները' նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները ներկայումս գտնվում են բեկումնային փուլում: Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: Անցյալ տարի մեկնարկած Արևելյան գործընկերությունը լայն հնարավորություններ է բացում մի շարք բնագավառներում համագործակցության ընդլայնման համար»:

Խոսելով ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունների մասին' Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:

Նախարար Մորատինոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ ուրախ է Հայաստան այցելել արդեն երկրորդ անգամ, եւ ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արեւելյան հատվածին տրվող կարեւորության մասին:

Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրեց Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները եւ ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր' փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներն ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ընթանում է արդյունավետ համագործակցություն մի շարք ձեւաչափերով:

Նախարարներ Նալբանդյանն ու Մորատինոսն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Իսպանիայի փոխհարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել այս տարվա ընթացքում Մադրիդում ՀՀ դեսպանություն հիմնելու վերաբերյալ:

Հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային հարցեր: Այդ ենթատեքստում նախարար Մորատինոսը վերահաստատեց Եվրոպական Միության անվերապահ աջակցությունը այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ հույս հայտնեց, որ կողմերն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կվավերացնեն ստորագրված արձանագրությունները ու կշարժվեն առաջ:

Մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը