Լրահոս

23.08.2018 11:50


Գավառում քարե աղյուսով փորձել են սպանել 81-ամյա տանտիրուհուն

Գավառում քարե աղյուսով փորձել են սպանել 81-ամյա տանտիրուհուն

Երեկ՝ օգոստոսի 22-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 61 շենքի 11-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, և անհրաժեշտ է, որպեսզի փրկարարները շտապ մոտենան նշված հասցե՝ դուռը բացելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամաներ Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ նշված տանը վիճաբանություն է տեղի ունեցել և այնտեղ կա վիրավոր:

Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ անօգնական, ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերում են տանտիրուհուն՝ 81-ամյա Սիլվա Տոնիյանին՝ գլխին ստացած վնասվածքներով: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում և փրկարարների հետ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ նրան տեղափոխում են Գավառի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան սենյակն ամբողջովին պատված էր արյունով, բնակարանում էլ հայտնաբերվում է աղյուս (քարփինջ), որի վրա առկա են արնանման հետքեր:

Մինչ քննիչները դեպքի վայրի տեղազննություն էին կատարում, Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ Ս. Տոնիյանին սպանելու դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Հարությունյանը, ով քարե աղյուսով Ս. Տոնիյանին հարվածներ հասցնելուց հետո դիմել է փախուստի:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի /սպանության փորձ/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը