Լրահոս

01.03.2010 12:36


Է. Շարմազանով. «Մարտի 1–ն օգտագործել որպես հերթական միջոցառման կամ հանրահավաքի առիթ` ճիշտ չէ»

Է. Շարմազանով. «Մարտի 1–ն օգտագործել որպես հերթական միջոցառման կամ հանրահավաքի առիթ` ճիշտ չէ»

-Եթե ուզում եք համեմատություն անել, ապա 2008թ. փետրվարի 24-ին երկու ելույթ եղավ. մեկը Հանրապետության հրապարակում, մյուսը Օպերայի հրապարակում, մեկում խոսեց Սերժ Սարգսյանը, մյուսում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիշո՞ւմ ենք՝ ինչ հռետորաբանությամբ էին խոսում Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Դա լավ բանի չի բերի. Հայաստանում ծայրահեղականությունը չպետք է տեղ ունենա,-«7օր»-ին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով 2008թ. մարտի 1-ի մասին։

Նա նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի անդամներն ի սկզբանե քաղաքական մերժողականությամբ էին տառապում և քաղաքական արշավը ծավալեցին բոլորին մերժելու գաղափարախոսության ներքո։

-Ես այն կարծիքին չեմ, որ ամեն ինչ լավ է և հարթ, որովհետև բնականաբար կան տարբեր կարծիքներ ու շահեր և արդարության հետ կապված խնդիրներ։ Բայց մի բան ակնհայտ է՝ որ գնալով քաղաքական, հասարակական դաշտում մթնոլորտն ավելի է նորմալանում,- շարունակել է Է. Շարմազանովը,-պարզապես ամեն ինչ ավելի նորմալ կլինի, եթե ուժերից մեկը ոչ թե նիհիլիզմով ու մերժողականությամբ տառապի և ոչ թե միայն հանրահավաքներով խոսի ժողովրդի ու քաղաքական ուժերի հետ, այլ իրոք այն կարևորագույն խնդիրները, որոնք կանգնած են հասարակության և մեր պետության առջև, գան, քննարկեն՝ թեկուզ նախագահի հրավիրած քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների, ավագանու աշխատաքներին մասնակցության միջոցով, ինչը, սակայն, մերժեցին կոնգրեսականները։ Կարծում եմ, որ մերժողականությունը լավ բանի չի բերում, բայց այն, որ մթնոլորտի շիկությունը գնալով թուլանում է, և գնալով ամեն ինչ ավելի հանգիստ հունի մեջ է մտնում, փաստ է։ Այն դժգոհությունը, որ կա, ոչ թե Կոնգրեսի բարձր ռեյտինգի հետ է կապվում, այլ  նրա հետ, որ ճգնաժամային տարի է եղել, և կան բազմաթիվ դժգոհողներ։ Ինչպես ամբողջ աշխարհում, Եվրոպայի սրտում են լինում միտինգներ, մարդիկ դժգոհում են կառավարության աշխատանքներից, Հայաստանում ևս կարող են լինել մարդիկ, ովքեր ճգնաժամից տուժել են, և դրա հետ կապված խնդիրներ կարող են ունենալ։ Բայց դա չեմ կապում Տեր-Պետրոսյանի և նրա թիմի ռեյտինգի ավելացման, նրա աշխատանքի հետ, որովհետև նամանավանդ վերջին շրջանում նրանք շատ իրարամերժ դիրքորոշում են որդեգրել, իսկ մարտի 1-ն օգտագործել որպես հերթական միջոցառման կամ հանրահավաքի առիթ՝ ճիշտ չէ, որովհետև չի կարելի անընդհատ ցավեցնել ժողովրդին և խաղալ այդ նուրբ լարի վրա,- նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը