Լրահոս

01.03.2010 12:33


Նաիրա Զոհրաբյան. «Ասել, որ ամբողջապես հաջողվեց հաղթահարել հետմարտիմեկյան ճգնաժամը, անկեղծ չի լինի»

Նաիրա Զոհրաբյան. «Ասել, որ ամբողջապես հաջողվեց հաղթահարել հետմարտիմեկյան ճգնաժամը, անկեղծ չի լինի»

-Այսօր մարտի 1-ն է, ցավալի իրադարձությունների հերթական տարելիցն է, և ասել, որ ամբողջապես հաջողվեց հաղթահարել հետմարտիմեկյան ճգնաժամը, իհարկե, անկեղծ չի լինի։ Լարվածություն հասարակական շերտերում դեռևս պահպանվում է, բայց որոշակի քայլեր, իհարկե, արվեցին ճգնաժամը հաղթահարելու համար,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշել է, որ այսօր կա մեկ կարևոր գերխնդիր՝ հասարակության միջից վերացնել թշնամանքը միմյանց հանդեպ. «Մենք այնքան «մեծ ազգ» չենք՝ երկփեղկված հասարակություն ունենալու «շռայլություն» թույլ տալու համար։ Այսօր մեր գերակա խնդիրը հասարակության մեջ եղած անջրպետը վերացնելն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ հանդես է եկել հենց այդ դիրքերից»։

Մարտիմեկյան դեպքերից հետո ընդդիմությանը մեկնած իշխանության համագործակցության ձեռքն անկեղծ էր, քանի որ ցանկացած իշխանության համար քաղաքական միջավայրի կայունության առաջին և ձեռնտու պայմանը ներքաղաքական հանդուրժողականությունն է։

-Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում չկա և չի կարող լինել որևէ խնդիր, որի շուրջը հնարավոր չլինի քո նույնիսկ ամենակատաղի ընդդիմախոսի հետ նստես կլոր սեղանի շուրջ և երկխոսես,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը։

Թե ինչո՞ւ ընդդիմությունը չընդունեց իշխանության մեկնած ձեռքը, Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ  մեկնաբանել՝ ասելով, թե դրա համար կային և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ, և ինքն այսօր չէր ցանկանա դատավորի կարգավիճակ ստանձնել ու գնահատական տալ ընդդիմության քայլերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը