Լրահոս

28.02.2010 17:17


Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է Միխաիլ Սահակաշվիլիի հետ

Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է Միխաիլ Սահակաշվիլիի հետ

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին:

Վրաստանի Նախագահը ողջունել է հայ գործընկերոջը եւ նշել, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով եւ ցավում նրա խնդիրների համար, ինչպես եւ Հայաստանը: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»,- ընդգծել է Միխեիլ Սահակաշվիլին եւ հավելել. «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են  նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»:  

Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել  հրավերի, ջերմ ընդունելության համար եւ ասել, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերհաստատել է հայ-վրացական հիանալի  հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես. «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես»:

Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է Բաթումում, ծանոթացել քաղաքում կատարվող աշխատանքներին եւ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին:

Այսօր նախատեսված է Նախագահ Սերժ Սարգսյանի այցը հայկական եկեղեցի, որտեղ նա կհանդիպի Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը