Լրահոս

26.02.2010 17:15


Լեհաստանի դեսպանը Հայաստանի արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Փետրվարի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն' հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպան Ռաչինսկուն Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի եւ Լեհաստանի բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ մենք պետք է ջանքեր գործադրենք դրանց առավել ամրապնդման եւ խորացման ուղղությամբ»: Նախարար Նալբանդյանը նաեւ հույս հայտնեց, որ Լեհաստանի նոր դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման գործում:

Իր հերթին դեսպան Ռաչինսկին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը տարբեր բնագավառներում փոխգործակցությունը խորացնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան առաջիկայում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերություններին, ինչպես նաև Հայաստան - ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը