Տնտեսական

26.02.2010 18:40


Վարչապետն ավազակային հարձակո՞ւմ է կազմակերպում գյումրեցի խանութպանների դեմ

Վարչապետն ավազակային հարձակո՞ւմ է կազմակերպում գյումրեցի խանութպանների դեմ

Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը հանրապետության երկրորդ քաղաքում մեծ դժգոհությունների տեղիք է տվել: Անհատ տաքսու վարորդներից հետո վարչապետի «նախաձեռնողականության» թիրախում այս անգամ հայտնվել են Գյումրու խանութների սեփականատերերը: Վերջիններս դժգոհում են, որ կառավարությունը գնալով ավելի ու ավելի է ծանրացնում հարկային բեռը, և հավաստիացնում, որ նման պայմաններում այլևս հնարավոր չի լինի աշխատել. իրենք ստիպված կլինեն դադարեցնել գործունեությունը:

«Մենք նորմալ աշխատում, վճարում էինք հարկերը՝ թղթերով հիմնավորված վաճառքի հասույթի 1 տոկոսը: Հիմա կառավարությունում նստել ենթադրել են, որ հնարավոր է՝ վաճառքի հասույթի 30 տոկոսն առանց թղթերի լինի, ու մեզ պարտադրում են այդ 30 տոկոսի 11 տոկոսը մուծել պետությանը»,-«7օր»-ին ասել է գյումրեցի խանութի սեփականատերերից մեկը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ:

Վերջինիս խոսքերով՝ ամենաաբսուրդայինն այն է, որ վերոհիշյալ տրամաբանությամբ իրենցից պահանջում են պետությանը վճարել ամբողջ 2009թ. համար:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ես 2009-ին ունեցել եմ 40 մլն դրամի հասույթ, ու ինձանից պահանջում են վճարել մոտավորապես 1 մլն 90 հազար դրամ: Հիմա չգիտենք՝ 2010-ին էլ նույն սկզբունքո՞վ ենք մուծելու, թե՞ ոչ»,-ասում է խանութի գյումրեցի սեփականատերը:

Գյումրեցի խանութպանների խոսքերով՝ իրենց ասել են, որ բյուջեում գումար չկա, և ինչ-որ բան պետք է անել:

«Ես չեմ հասկանում. այդ վարչապետն օր ու գիշեր խոսում է մանր ու միջին բիզնեսը խրախուսելու մասին, իսկ հիմա, փաստորեն, ավազակային հարձակում է կազմակերպել մեր դեմ: Ասում էր, որ 3 տարի որևէ ստուգում չի լինելու, ստուգումներ չկան, բայց ինքն իր փողն այսպես է պոկում մեզանից: Մենք ի՞նչ անենք, որ բյուջեում փող չկա, թող քիչ ուտեն ու ճիշտ աշխատեն, որ լինի»,- դժգոհում էր խանութի մեկ այլ սեփականատեր:

«Իսկ եթե կառավարությունն ամեն դեպքում սկսի գանձել այդ գումարները, խանութների սեփականատերերն ի՞նչ են անելու» «7օր»-ի հարցին մի մասը պատասխանել է, որ կփակեն ու երկրից կհեռանան, իսկ մյուս մասը, աչքի տակ ունենալով գյումրեցի տաքսիստների օրինակը, պատրաստ է մինչև վերջ իր շահերը պաշտպանել:

Նշենք, որ Գյումրիի աշխատանքային շուկայում մասնավոր խանութների գործոնը բավական մեծ է, և այդ ոլորտում հազարավոր քաղաքացիներ են աշխատում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը