Լրահոս

26.02.2010 11:04


ՀՀ նախագահը չի ընդունել Դավութօղլուին

ՀՀ  նախագահի աշխատակազմից,  ի պատասխան Թուրքիայի  արտաքին գործերի նախարարի հայտարարությունները  մեկնաբանելու խնդրանքին հայտնեցին, որ Կիևում Հայաստանի Հանրապետության  նախագահը  չի ընդունել Թուրիայի արտաքին գործերի նախարարին:

Ի թիվս այլ հրավիրյալների,  Դավութօղլուն մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, որտեղ մոտեցել և կարծիքներ է  փոխանակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նախագահ Սարգսյանը  շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և  Հայաստանը համարում է,  որ առկա  գործընթացը պետք է տրամաբանական  ավարտին հասցվի ամենակարճ ժամանակահատվածում, այլապես ինչպես հայտարարվել էր նախապես, Հայաստանի Հանրապետությունը ետ կկանչի իր ստորագրությունը  արձանագրություններից:

ՀՀ նախագահը կրկնել է,  որ Լեռնային Ղարաբաղի  հակամարտության  կարգավորման հարցում' Թուրքիայի ներգրավվածությունն  անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին' Ադրբեջանին  և մշտապես  կողմնակալ   հայտարարություններ է անում  հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը, -իր զրուցակցին ասել է նախագահ Սարգսյանը, - պետք է առաջին քայլը  սկսի իրենից և վերացնի Հայաստանի  սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի  բացել  տարածաշրջանում առկա կոմունիկացիոն  և տրասնպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրությունները, ապա որևէ  բան չի խանգարում Թուրքիայի գորածադիր իշխանությունը, անգամ մինչև արձանագրությունների վավերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետությունների միջև»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը