Լրահոս

26.02.2010 11:09


ԼՂՀ ԱԳՆ. «Խոջալուում Ադրբեջանն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել»

Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ վաղուց արդեն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել:

Պաշտոնական Բաքվի զրպարտությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում  գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու և Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին և հրետակոծություններին, այդ թվում նաև <<Գրադ>> համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից' մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:

Ղարաբաղի բնակչության համար կենսականորեն կարևոր խնդիր կատարելով' Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին  միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը' այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ' ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:

Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչև 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ:

«Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ  «միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին»,- գրել է ռուսական Նեզավիսիմայա գազետա-ն 1992թ. ապրիլի 2-ին: Օգոնյոկ ամսագիրն իր հերթին (N 14-15, 1992թ.) նշում է' «...Խոջալուի վրա կատարված հարձակումը հանկարծակի չի եղել»:

Այս ռազմական գործողությունների որոշ մանրամասնություններ առայսօր պատված են մշուշով, ինչն ակտիվորեն չարաշահում է Ադրբեջանի քարոզչամեքենան' դիմելով տարաբնույթ խեղաթյուրումների, կեղծիքների և բացահայտ ստի: Անցած տարի ԼՂՀ ԱԳՆ-ն հասարակայնության ուշադրությունն է հրավիրել մի կեղծ լուսանկարի վրա' տեղադրված մի շարք ադրբեջանական կայքերում, այդ թվում նաև կեղծ գաղափարներ ծնող «Հեյդար Ալիևի Հիմնադրամ»-ի կայքէջում(www.azerbaijan.az): Իրականում լուսանկարը անմիջական կապ է ունեցել Կոսովոյի իրադարձությունների հետ և հենց որպես այդպիսին' այն բազմաթիվ այլ լուսանկարների հետ միասին տեղադրված է եղել մեկ հատուկ գերմանական և սերբական ու ալբանական ֆորումներում, Նյու-Յորք թայմս հեղինակավոր  հրատարակչության կայքէջում և այլն: Ընթացիկ տարում նշված կեղծիքին ավելացել են նորերը: Այսպիսով, փետրվարի 24-ին Երևանում կայացած www.xocali.net նախագծի շնորհանդեսի ժամանակ  ներկայացվել է ադրբեջանական կողմից օգտագործվող մոտ 20 կեղծ ֆոտոնյութ, մասնավորապես, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սրեբրենիցայի կոտորածների զոհերի  լուսանկարներ և այլն: Բացի այդ, Աղդամի ողբերգության զոհերի ցուցակներում աղաղակող կեղծարարություններ են հայտնաբերվել, որոնք ներկայացվում են ադրբեջանական դեսպանատների, նախագահական գրադարանների և այլ պաշտոնական կառույցների կողմից: Կայքում ներկայացված են նաև թուրք-մեսխեթների հարցաքննությունների մասին տեսանյութեր, որոնց համաձայն' չնայած Խոջալուն գրոհելու մասին հայկական կողմի նախազգուշացումներին, ադրբեջանցի զինվորականներն արգելել են ադրբեջանական իշխանությունների կողմից արհեստականորեն բնակեցված թուրք-մեսխեթների ընտանիքներին տարհանվել:

Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրև Սումգայիթի արյունալի վաքխանալիայի համար հայերի վրեժխնդրություն:

Սակայն Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների և լրագրողների արտահայտություններն ու գնահատականները ամբողջությամբ հերքում են պաշտոնական Բաքվի կեղծ դրույթները: Այսպես, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է. «Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակի համար»/ ադրբեջանական Զերկալո  թերթ, 1992թ. հուլիս/:

Թամերլան Կարաևը, ով ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր /այժմ Հնդկաստանում ԱՀ դեսպան/, վկայում է. «Ողբերգությունը իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները», կոնկրետ' «վերևում նստածներից ինչ-որ մեկը» /ադրբեջանական Մուխալիֆատ թերթ, 28 ապրիլի, 1992թ./:

Հեյդար Ալիևն ինքը խոստովանել է, որ Խոջալուի իրադարձություններում «մեղավոր է նաև Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը»: Դեռևս 1992թ. ապրիլին, Բիլիկ-Դունյասը գործակալության հաղորդագրության համաձայն, նա ահավոր ցինիկ մի միտք է արտահայտել. «Արյունահեղությունը մեզ օգուտ կբերի: Դեպքերի ընթացքին խառնվելու հարկ չկա»: Արդյո՞ք Ադրբեջանի «հայրը» այս խոսքերի համար պատասխանատվություն է կրել:

Չեխ լրագրող Յանա Մազալովան, ադրբեջանցիների անուշադրության պատճառով հայտնվելով մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցույց էին տալիս «հայերի կողմից պղծված դիակները», էական տարբերություն է նկատել վերջիններիս վիճակում: Դեպքերից անմիջապես հետո լինելով  դաշտում' Մազալովան դիակների վրա վայրագության որևէ հետք չի տեսել: Սակայն մի քանի օր անց լրագրողներին ներկայացրել են արդեն նկարահանումների համար «նախապատրաստված>> այլանդակված մարմիններ:

Ռուսական Մեգապոլիս-էքսպրես թերթը գրել է. «Չի կարելի չընդունել, որ եթե Ադրբեջանի Ժողովրդական ճակատը հեռուն գնացող նպատակներ էր հետապնդել' հասել է դրանց: Մութալիբովը վարկաբեկված ու տապալված է, համաշխարհային հասարակական կարծիքը ցնցված է, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրական թուրքերը հավատացել են Խոջալուում ադրբեջանական ժողովրդի այսպես կոչված ցեղասպանությանը»:

Ինչպես հայտնի է, դեռևս փետրվարի 26-ին Խոջալուում պահվում էր 47 հայ-պատանդ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ը գիտակցաբար լռում են: Խոջալուի ազատագրումից հետո նրանցից մնացել էր միայն 13-ը /որոնցից վեցը' կանայք, մեկը' երեխա/, մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ: Առայսօր ոչ մի տեղեկություն չկա  նրանց հետագա ճակատագրի մասին: Հայտնի է միայն մեկ բան' նրանց գյուղից հեռացրել են ռազմական գործողության գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել:

Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպավորություն ստեղծել որ հայերն են պղծել դիակները, առաջին հերթին այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպեսզի դրանց ինքնությունը հնարավոր չլինի պարզել: Հենց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանվել է վերնազգեստը, հենց այդ պատճառով էլ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկվել' դրանք անճանաչելիության աստիճանի հասցնելով:

Ելնելով վերոնշյալ փաստերից, համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաև այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով և իշխանության հասնելու համար:

Ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» միֆ է, որը ստեղծվել է դեռևս Հեյդար Ալիևի կողմից և որը պաշտպանել է գահաժառանգ Ալիև-կրտսերը' միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում  և շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաև հայ խաղաղ բնակչության և սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական և այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը