Լրահոս

25.02.2010 17:42


Կիևում Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են հայ-թուրքական գործընթացը

Կիևում Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են հայ-թուրքական գործընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:

Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ հրավիրված Գերագույն Ռադայի հատուկ նիստի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Կիեւ ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին Վիկտոր Յանուկովիչի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը եւ պաշտոնական ճաշին, շփումներ ունեցել օտարերկրյա իր գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սերժ Սարգսյանը Կիեւի իր կեցավայրում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Հայաստանի Հանրապետության նախագահը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ եւ նշել,  որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին: Ֆիլիպ Գորդոնը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն այս գործընթացին: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում' նա ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյություն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարեւոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երեւան:

Այս խորագրի վերջին նյութերը