Լրահոս

25.02.2010 16:13


ՄԻՊ. «ՀՀ սահմանադրությունը մեր իրականության հետ գնալով ավելի ու ավելի կապ չունի»

ՄԻՊ. «ՀՀ սահմանադրությունը մեր իրականության հետ գնալով ավելի ու ավելի կապ չունի»

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսում խոսելով «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում 2009-ին կատարված փոփոխության մասին, ըստ որի մահանալուց առաջ մարդը նախապես պետք է դիմում գրի, որ իր մահվանից հետո համաձայն չէ, որպեսզի իր օրգանները վաճառեն կամ օգտագործեն՝ ասել է.

-Սա իրոք արդեն զավեշտ է դառնում, և անկեղծ եմ ասում՝ ստացվում է, որ, ըստ էության, ՀՀ սահմանադրությունը մեր իրականության հետ գնալով ավելի ու ավելի կապ չունի, որովհետև Սահմանադրության մեջ խոսվում է մարդու արժանապատվության մասին, բայց մենք այսօր օրենսդրական փոփոխություն ենք անում, որ մարդը անտեղյակ, կարող են նրա օրգանները վերցնել և օգտագործել, խոսում են, որ Սահմանադրությամբ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, բայց ամբողջ հանրապետությունը լցված է ոչ բնական մենաշնորհներով, խոսում ենք արդար դատաքննության իրավունքի մասին, բայց այսօր դատարանները հակասահմանադրական վճիռներ են ընդունում, և ՍԴ որոշման մեջ հստակ նշված է, որ սա առաջին դեպքը չէ։ Միգուցե մի քիչ սուր կասեմ, բայց եթե այսպես շարունակվի, մենք 15-20 տարի հետո կարող ենք խոսել ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Հայաստանի ռեզերվացիայի մասին, ոչ թե ՀՀ սահմանադրության, այլ Հայաստանի ռեզերվացիայի ներքին կանոնների մասին, որտեղ մի քանի հոգի այդ ռեզերվացիան նայողը կլինեն, մնացածն էլ դրանց սպասարկողը։ Այսպես չի կարելի, և ես կարծում եմ, որ, իրոք, պետական կառույցները պետք է մտածեն այս ամենի դեմն առնելու մասին, որովհետև հասարակությունը չի կարող բաղկացած լինել միայն իրավունք ունեցողներից և միայն պարտականություն ունեցողներից։ Սա փնթիություն և անտարբերություն է մարդու իրավունքների նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը