Լրահոս

25.02.2010 15:34


Սումգայիթյան եղեռնագործության 22-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն

Հետաքննությամբ հաստատված է, որ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 32 մարդ, ավելի քան չորս հարյուրը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հարձակման և ավերածության են ենթարկվել մոտ երկու հարյուր բնակարաններ, վնասված են ավելի քան հիսուն մշակութային-կենցաղային նշանակության հիմնարկներ ու քառասունից ավելի ավտոմոտոտրանսպորտային միջոցներ, որոնց մի մասը հրդեհվել է: Պետությանը պատճառվել է ավելի քան 7 միլիոն ռուբլու վնաս: Հանցագործությունների կատարմանը մասնակցել են հիմնականում ադրբեջանական ազգության հարյուրավոր քաղաքացիներե: Սա հատված է Ադրբեջանական ԽՍՀ դատախազ Ի.Ա. Իսմայիլովի սումգայիթյան եղեռնագործության կապակցությամբ հարուցված գործերից մեկի մեղադրական եզրակացությունից: Ողբերգության իրական չափերը քողարկելուն և ոճրագործների գերագույն մեծամասնությանը պատասխանատավությունից ազատելուն միտված այս մեղադրական եզրակացությունում Սումգայիթի հայության հանդեպ կատարված ոճիրը որակվել է որպես... խուլիգանություն: Անպաշտպան հայ բնակչության նկատմամբ անպատժելիության պայմաններում բռնությունները Ադրբեջանում շարունակվեցին. էթնիկ զտումների և ցեղասպանության զոհը դարձան հարյուրավոր մարդիկ, հազարավորները' խեղանդամ, ավելի քան կես միլիոնը' փախստական:

Սգում ենք բոլորի համար:

Այսօր, Հայաստանի ավանդական և ոչ ավանդական քաղաքական ուժերը կես միլիոն ադրբեջանահայության հանդեպ 1988-1991թթ. իրագործված եղեռնագործությունը սկսել են օգտագործել քարոզչական նպատակներով: Փորձում են այդ կերպ համոզել միջազգային հանրությանը, թե հայաբնակ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պարագայում ցեղասպանության կենթարկվի արցախահայությունը: Այս համատեքստում նաև սգո միջոցառումներ են կազմակերպվում, երթեր, ճառեր են ասվում: Վերջ տվեք լալկանությանը' հայ փախստականների կրած վնասների փոխհատուցումն ու նրանց իրավունքների և շահերի գործուն պաշտպանությունն է միակ պատասխանը հակահայկական գործողություններին ու քարոզչությանը: Ուզում ենք հիշեցնել մեր հայրենասեր, հայրենաբաղձ քաղաքական ուժերին ու գործիչներին, պետական այրերին, որ Արցախն անկախության ճանապարհն է ընտրել իր ժողովրդի որոշմամբ և այդ որոշումը մենք կարողացանք պաշտպանել մեր ողջ ազգի հավաքական ջանքերով: Պետք չէ անգործությունը քարոզչությամբ քողարկել, պետք չէ զոհերի անունը հիշատակելով արցունք թափել, միաժամանակ, հալածելով և ոտնահարելով, անտեսելով և արհամարհելով ողջ մնացած ու փախստական դարձած ադրբեջանահայերի իրավունքներն ու արժանապատվությունը: Բավական է:

Ադրբեջանահայությունը սպասում է կոնկրետ գործողությունների' դատարկ խոսքերը հավատ չեն ներշնչում և ձանձրացրել են բոլորին: Ի գործ:

 Փախստականնրը և միջազգային իրավունքը քաղաքացիական հասարակության ցանց

Այս խորագրի վերջին նյութերը