Լրահոս

25.02.2010 15:26


Վարչապետը հավաստիացնում է, որ դժգոհներ չեն լինի, իսկ նրանց թիվը ավելանում է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, նա անդրադարձել է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման կարեւորագույն խնդրին, որն առանցքային տեղ է զբաղեցնում ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում։ Այնուհետև Տիգրան Սարգսյանը անդրադարձել է տոնավաճառների խնդրին՝ ասելով.
«Մենք մտադիր ենք կարգուկանոն հաստատել տոնավաճառներում, որտեղ գտնվում է ստվերային տնտեսությունը սպասարկող հիմնական խոչընդոտներից մեկը եւ որը մեզ թույլ չի տալիս մեր երկրում կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը։ Երկրի առեւտրի գերակշիռ մասը ցույց է տրվում տոնավաճառների միջոցով, եւ սա անհանդուրժելի է։ Մենք չենք կարող խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե մի մեծ խողովակ կա, որով այն շրջանցում է մեր օրենսդրությունը։ Մենք պետք է հետեւողական լինենք այս հարցում։ Բայց այստեղ կա մի առանձնահատկություն' մեր ռազմավարությունը ենթադրում էր, որ բեռը մենք դնելու ենք տոնավաճառի կազմակերպիչների վրա։ Եվ դա հստակ դիրքորոշում էր։ Բոլոր ծախսերը պետք է հոգային տոնավաճառի ղեկավարները, ստեղծեին աշխատանքային պայմաններ անհատ ձեռներեցների, փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, որպեսզի նրանք կարողանային նորմալ աշխատել։ Տոնավաճառի ղեկավարները պետք է ՀԴՄ-ները տեղադրեին իրենց սեփական միջոցների հաշվին, ստեղծեին ցանցեր, որոնք միացված լինեին տեղեկատվական տվյալների բազաներին, եւ այդ տեղեկությունը հասանելի լիներ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի այն չանհանգստացներ օրինական դաշտում աշխատող անհատ ձեռներեցին' տվյալների բազայում տեսնելով նրա վճարած ծավալները, անհանգստացներ միայն տոնավաճառի այն մասնակցին, որը ցույց է տալիս ակնհայտորեն փոքր ծավալի գործառույթներ»։ Վարչապետը հավաստիացրել է, որ օրինական դաշտում աշխատող ձեռներեցը դժգոհ չի մնա, սակայն դժգոհողների թիվը, հատկապես փոքր և միջին բիզնեսի հատվածում օր-օրի ավելանում է։ Մասնավորապես ոսկու տոնավաճառների, կրպակների աշխատակիցները շարունակում են գործադուլը՝ կառավարություից պահանջելով ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ։

Այս խորագրի վերջին նյութերը