Լրահոս

25.02.2010 14:47


Գրաքննադատ. «Հերոս է դառնում իշխող տեսակը, բայց այդ տեսակը չունի պետական մտածողություն»

Գրաքննադատ Լիլիթ Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե սարսափելի է, երբ մեր ժամանակի հերոս է դառնում կրիմինալ ճշտով գողը։

-Մենք ունենք Եռաբլուր։ Ինչո՞ւ չեն այդ տղաները մեր ժամանակի հերոսները։ Ինչո՞ւ մենք հետևողականորեն արհամարհեցինք այդ գաղափարը։ Որտեղի՞ց եկավ ղարաբաղցի, հայաստանցի, ապարանցի երևույթը։ Չէ՞ որ Ղարաբաղի համար այդ տղաները գնացին, ու մենք հող ազատագրեցինք։ Չէ՞ որ Ղարաբաղը մեզ հերոս սարքեց, ու մենք հող ազատագրեցինք 10 դար ընդմիջումից հետո։ Ինչո՞ւ է մեր հեռուստատեսությունն ինձ ու իմ երեխային մատուցում ճիշտ գողի հերոսությունը։ Ինչո՞ւ մեր հաղթանակի գինը չհասկացանք։ Դա պետք է լինի պետական քաղաքականություն։ Դրա ջատագովը ո՞վ պետք է լինի, եթե այսօր հեռուստատեսությունն ապազգային երևույթ է դարձել,-ասել է նա։

Արձակագիր Կարինե Խոդիկյանն էլ նշել է, թե պետական քաղաքականություն է տարվում, որ հերոսներին չհիշեն ու մեր հաղթանակը չգնահատեն, որովհետև մտադրված են հանձնել ազատագրված տարածքները։ Լիլիթ Արզումանյանը, սակայն, չի համաձայնել դրա հետ։

-Եթե մտածեմ, որ մտադրված են հանձնել այդ տարածքները, ապրելս չի գա։ Չեմ կարծում, որ իշխանությունը մտածված է դա անում։ Եթե ես այս երկրում  վիլլաներ եմ կառուցում, ապա գոնե իմ անձնական շահի համար դա չպետք է դնեմ վտանգի տակ։ Եթե ես մտածված կործանման եմ տանում երկիրը, ապա չեմ կառուցի այստեղ ապագա։ Իրենք, որպես հերոս, բերում են իրենց տեսակը։ Հերոս է դառնում իշխող տեսակը, բայց այն, իմ խորին համոզմամբ, չունի պետական մտածողություն, որովհետև նա ընդհանրապես մտածել չգիտի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը