Լրահոս

25.02.2010 11:50


Ադրբեջանը լկտիաբար մանիպուլյացիայի է ենթարկում գերության մեջ հայտնվածների խնդիրը

Ադրբեջանը լկտիաբար մանիպուլյացիայի է ենթարկում գերության մեջ հայտնվածների խնդիրը

Կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են շահարկել  ռազմագերիների մարդասիրական խնդիրը' լկտիաբար մանիպուլյացիաների ենթարկելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին:

Վերջին, առավել քան ակնառու օրինակ է ադրբեջանական կայքերում շրջանառվող տեսահոլովակը, որտեղ գործող անձինք հաստատում են «հայկական բանակում տիրող անտանելի պայմանների եւ Ադրբեջանում հարմարավետ կյանքի»  մասին:

Անշուշտ, անգամ Ադրբեջանում գիտակցում են, որ նման «խոստովանությունները» տեղի հատուկ ծառայությունների գործունեության արդյունք են և մեղքն ուրիշի վրա բարդելու միանգամայն անհաջող փորձ:

Սակայն մտահոգության տեղիք է տալիս տվյալ երևույթի մեկ այլ կողմը: Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին և, փաստորեն, նրանց ծաղրի առարկա դարձնելով' Ադրբեջանի իշխանությունները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես' Ժնևյան կոնվենցիաները, որոնք տվյալ կատեգորիայի անձանց հետ վարվելու որոշակի կանոններ են սահմանում:

Այս կապակցությամբ տեղին ենք համարում հիշեցնել, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ խախտել է Ժնևյան կոնվենցիաների կանոնները, մասնավորապես' հրաժարվելով ԼՂՀ  իշխանություններին տեղեկություններ հաղորդել գերիների մասին, անտանելի պայմաններ ստեղծելով ռազմագերիների և պատանդների համար, նրանց ենթարկելով ծաղրի ու խոշտանգումների, ինչի արդյունքում նրանցից շատերը զոհվել են:

Միաժամանակ, արդեն 1992թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարել է Ժնևյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների լիակատար ճանաչման  և դրանց դրույթները անպայմանորեն կատարելու մասին: ԼՂՀ իշխանությունների կողմից Ժնևյան կոնվենցիաներին անվերապահորեն հետևելը բազմիցս հաստատել են  միջազգային իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններ, այդ թվում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Ելնելով վերոնշյալից' ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը խիստ քննադատում է պաշտոնական Բաքվի կողմից ռազմագերիների և պատանդների նման բացարձակ մարդասիրական խնդրի քաղաքականացումը:

Միաժամանակ, կոչ ենք անում շահագրգիռ միջազգային կառույցներին և առաջին հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին համապատասխան կերպով արձագանքել ադրբեջանական կողմի նման գործողություններին և համառորեն խորհուրդ տալ հարգել մարդու տարրական իրավունքները:

Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը