Լրահոս

25.02.2010 10:02


Հայտարարություն. «Բռնարարք կատարած անձը կարող է ուղղակի կապ ունենալ իրավապահ մարմինների հետ»

2010թ. փետրվարի 24‑ի առավոտյան ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ բռնարարք է կատարվել «Առավոտ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ: Լրագրողը վնասվածքներ է ստացել, նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն:
 Ըստ ականատեսների վկայությունների' Շամշյանը լուսանկարել է գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին մասնակցելու եկած իրավապահ մարմինների  բարձրաստիճան պաշտոնյաներին, այսինքն զբաղվել է իր մասնագիտական գործունեությամբ: Իսկ բռնարարք կատարած անձը, դատելով այն հանգամանքից, որ այնուհետեւ անարգել մտել է գլխավոր դատախազության շենք, կարող է ուղղակի կապ ունենալ իրավապահ մարմինների հետ:
 Գագիկ Շամշյանը կոլեգիայի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ դեպքի մասին հայտնել է գլխավոր դատախազին, տեղեկացնելով նաեւ, որ հասցրել է լուսանկարել իր վրա հարձակված մարդուն: Այլ կերպ ասած, հանրությունը կարող է ակնկալել, որ լրագրողի դեմ իրականացված այս հերթական բռնարարքն անհետեւանք չի մնա: Եվ եթե մեղավորն այս անգամ եւս չբացահայտվի եւ չպատժվի, մենք բոլոր հիմքերը կունենանք ենթադրելու, որ իրավապահ մարմինները պարզապես խուսափում են բացահայտել այսօրինակ հանցագործությունները:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Ինտերնյուս մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբ
Վանաձորի մամուլի ակումբ
Գորիսի մամուլի ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը