Լրահոս

25.02.2010 10:21


Պատգամավորները և պասը

Պատգամավորները և պասը

«7օր»-ն արդեն տեղեկացրել է, որ մեր խորհրդարանում թեև քիչ  թվով, սակայն կան պատգամավորներ, ովքեր հետևում են կրոնական ավանդույթներին։ Մեզ հետ զրույցում Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ասել է, թե շուրջ 20 տարի է՝ պահում է մեծ պահքը.

-Իհարկե, չեմ պահում դիետիկ նպատակներով, այլ պահում եմ հոգևոր իմաստով:

Նա ասել է, թե պասը հնարավորություն է տալիս, որ հետո մարդն ավելի հեշտ դիմակայի փորձություններին:

-Ոմանք, իհարկե, մոդայի համար են դա պահում, բայց միջավայրն ավելի հարմար է դառնում իրական պաս պահողների համար,-ասել է Ա. Ռուստամյանը։

Հարցին, թե խորհրդարանի ճաշարանում կա՞ն համապատասխան կերակուրներ, Արմեն Ռուստամյանը պատասխանել է.

-Դա այդքան չեմ կարևորում, եղած ուտեստների մեջ միշտ կգտնվի այնպիսին, որ բացառապես բուսական ծագում ունի, և դրանով պետք է բավարարվի պաս պահողը, ոչ թե պահանջի իր մինչ այդ կերածին համապատասխան փոխհատուցում ոչ կենդանական սնունդով: Դա արդեն չեղավ հոգևոր պաս: Ովքեր պահքի մեջ են, ցանկանում եմ, որ դա ընդունելի լինի Աստծո կողմից, և դա իրենց համար ապաշխարություն լինի:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ անդրադառնալով պասի թեմային՝ ասել է.

-Ցավոք, չեմ պահում: Մեծ պահքը երբեք ամբողջությամբ չեմ պահել: Պատահել է, որ վերջին շաբաթն եմ պահել: Ես, այնուամենայնիվ, հավատում եմ ոչ թե սննդային զսպվածությանը, այլ գործերի մեջ զուսպ լինելուն և պահքի գաղափարախոսությանը համարժեք ապրելուն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը նույնպես հետևում է մեծ պահքին.

-Պահում եմ մեծ պահքը: Միշտ էլ պահել եմ: Ինձ համար մեծ խնդիր չէ չխախտելը: Եթե ցանկություն կա պահելու, ապա մարդ միշտ էլ կարող է: Խորհրդարանի ճաշարանում պահքին համապատասխան կերակուրներ կան, բայց ես ինքս նախընտրեցի չօգտվել: Աշխատանքային օրվա ընթացքում նախընտրում եմ ջուր խմել, իսկ երեկոյան քիչ քանակով ինչ-որ բան եմ ուտում,-«7օր»-ին ասել է Հ. Մադաթյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը