Լրահոս

08.12.2010 09:16


Հայ-թրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը

Հայ-թրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստը:

Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը' ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:   Պատվիրակության կազմում էին արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը եւ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Ավետ Ադոնցը:

Եվրոպական Միության տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը գլխավորում էին 2011-ին ԵՄ նախագահություն ստանձնող Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտան Նեմեթը եւ  Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Խորհրդի նիստին քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության օրակարգը, հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր:

Նախարար Նալբանդյանը ներկայացնելով Եվրոպական մերձեցման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ասաց, որ Հայաստան - ԵՄ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության  առաջնայնություններից է եւ հայկական կողմը շարունակվելու է նպատակաուղղված քաղաքականությունը հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարեւորեց Հայաստանում բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը ' այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:

Խորհրդի նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց եւ երկուստեք գոհունակություն հայտնվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների հաջող ընթացքի կապակցությամբ,  միաժամանակ նշվեց, որ ծրագիրը  ընդլայնման զգալի ներուժ է պարունակում:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ' քաղաքական երկխոսության ակտիվացման, այս տարվա հուլիսին մեկնարկած Ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների,  Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը' հայտնեցին իրենց աջակցությունը իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին: 

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Ասոցիացման համաձայնագիրը կամրապնդի Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրավական հենքը, նոր խթան կհաղորդի էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը:

Երկուստեք նշվեց Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի հեշտացման կարեւորությունը եւ ընգծվեց, որ արդեն անհրաժեշտ քայլեր են ձեռանրկվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար:

Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտան Նեմեթը բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ ասաց, որ եվրոպական կողմը մտադիր է առավել ակտիվացնելու իր քայլերը Հայաստանի հետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման  բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ ենթատեքստում Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտան Նեմեթը նշեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին: Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին ընդգծեց, որ շփման գծում լարվածությունը սրող միջադեպերը անընդունելի են:  ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նշեցն, որ Եվրոպական Միությունը ողջունում է ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերյալ Աստանայի հնգակողմ հայտարարությունը:

Հայ-թրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը անցյալ տարի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման եւ իրագործաման անհրաժեշտության վերաբերյալ:

Հայաստանի էկոնոմիկայի եւ արդարադատության փոխնախարարները տեղեկացրեցին իրենց բնագավառներում կատարվող քայլերը,  կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Խորհդրի նիստին նախորդեց Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի առանձնազրույցը, իսկ նիստի ավարտին ՀՀ արտգործանախարարն ու  Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարը հանդես եկան համատեղ ճեպազրույցով:

Դեկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Սթիվեն Վանակերեի հետ:

Հայաստանի եւ Բելգիայի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստան - ԵՄ հարաբերությունները եւ դրանց առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարարները նշեցին, երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-երի միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների եւ  մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման կարեւորությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ ուղղություններով առաջընթաց ապահովելու համար համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ:

Մշակութային համագործակցության շուրջ քննարկումների ենթատեքստում Բելգիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Պողոսյան ընտանիքի կողմից Բրյուսելում Վիլլա Ամպեն մշակութային կենտրոնի հիմնադրումը' որպես կարեւոր ներդրում Բելգիայի մշակութային կյանքում: 

Նախարար Վանակերը ներկայացրեց Բելգիայում տեղի ունեցող գործընթացները' ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ջանքերը:  

Իր բելգիացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների եւ ընդունված հնգակողմ հայտարարության մասին:

Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

Ավարտելով այցելությունը Բրյուսել Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Մոսկվա, ուր տեղի են ունենալու ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործանախարարների խորհուրդների նիստերը:

Այս խորագրի վերջին նյութերը