Լրահոս

24.02.2010 13:46


Ոսկու շուկայի անհատ ձեռներեցին ոստիկանությունից ազատ են արձակել

Ոսկու շուկայի անհատ ձեռներեցին ոստիկանությունից ազատ են արձակել

Անժամկետ գործադուլ հայտարարած «Ոսկու աշխարհ»-ի անհատ ձեռներեցներից մեկին՝ Ռաֆայել Անտոնյանին, ոսկու շուկայի դիմացից այսօր ժամը 11։30-ի սահմաններում տարել են Ոստիկանության Կենտրոնի բաժին և մոտ մեկ ժամ հետո ազատ արձակել։ Ինչպես Ռ. Անտոնյանն է ասել «7օր»-ի թղթակցին, իրեն ոստիկանություն են հրավիրել պարզապես զրուցելու։ Զրույցը տեղի է ունեցել Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի հետ, այն ոչ մի տեղ չի արձանագրվել, որևէ փաստաթուղթ իրեն չեն ներկայացրել՝ ստորագրելու։

-Կանչեցին, ասացին՝ ներկայացեք։ Փաստաթղթերը տվեցի, ասացին՝ գնանք, զրույց կա ձեզ հետ։ Ես ասացի՝ կարելի՞ է այստեղ զրուցել, ասացին՝ ո՛չ, ձեզ հետ ուզում են զրուցել։ Նույնիսկ ասացին՝ քո մեքենայով գնանք, ասացի՝ ո՛չ, ես ի վիճակի չեմ վարելու, չեմ ուզում,- պատմել է Ռ. Անտոնյանը՝ հավելելով, որ իրեն մի շարք հարցեր են տվել, հատկապես՝ թե ինչպե՞ս է պատահել, որ գործադուլ հայտարարածները հասել ենք ընդհուպ մինչև կառավարություն, և խորհուրդ են տվել դադարեցնել գործադուլը.

-Ասում էին՝ ավելի լավ է մեր պետության վարկանիշի հետ խաղ չանենք, բայց ես էլ ասել եմ, որ մենք պետության վարկանիշի հետ երբեք չենք խաղում, մենք այս պետության քաղաքացին ենք, մենք այս պետությունը սիրում ենք և հարգում ենք կառավարության որոշումը, որ ՀԴՄ-ով աշխատենք։ Մենք ՀԴՄ-ով աշխատել ենք, բայց ավելորդ փողեր մենք ոչ մեկին չունենք տալու, ով կուզի՝ լինի,- ասել է Ռ. Անտոնյանը։

Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ այս անգամ ցուցարարներն իրենց բողոքի գործողությունն անց են կացրել ոչ թե ՀՀ կառավարության, այլ ոսկու շուկայի շենքի դիմաց։ Գործադուլ հայտարարծների խոսքերով՝ ոստիկանները շրջապատել են իրենց և թույլ չեն տվել գնալ դեպի կառավարության շենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը