Լրահոս

24.02.2010 11:20


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը Սումգայիթի և Բաքվի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ

Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նամակում, հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար տարածվող էժանագին քարոզչությանն ու ստահոդ փաստերին, նշվում է. ,Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել այսպես կոչված ,հայկական ագրեսիայիե զոհ' այդ նպատակով աղավաղելով ոչ միայն աշխարհին քաջ հայտնի ողբերգական դեպքերը, այլեւ' ժամանակին ադրբեջանական աղբյուրների վկայակոչումներըե:

 

Դեսպան Նազարյանը, մասնավորապես, մեջբերում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, ուր անդրադառնալով Խոջալուի դեպքերին' վերջինս նկարագրում է, թե ինչպես Ադրբեջանի ընդդիմությունը եւ միլիցիան խոչընդոտել են լեռնային միջանցքով ռազմական գործողությունների շրջանից քաղաքացիական բնակչության դուրսբերմանը: Ընդդիմությունը հույս ուներ իր իսկ հայրենակիցների սպանդի ճանապարհով Բաքվում հասնել իշխանության: Նամակում մեջբերվում է նաեւ The Helsinki Watch կազմակերպության 1992թ. սեպտեմբերի զեկույցը, ուր մատնանշվում է փախչող քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական միլիցիայի կրակելու մասին ադրբեջանցիների իսկ վկայությունները:

 

Նամակը նաեւ ընդգծում է, որ միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործված անթիվ վայրագությունները: «Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի' ինքնորոշման իր իրավունքը կիրառելու խաղաղ եւ սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որը 1988թ. ջարդ իրականացրեց Սումգայիթ քաղաքում բնակվող հայերի նկատմամբ: Այս ջարդը Խորհրդային Միության տարածքում զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որը համապատասխանաբար արձանագրվել է դատավարության գործերում: Ադրբեջանն իր անկախության հռչակումից անմիջապես հետո ազատեց դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեց ազային հերոսներ:

The Helsinki Watch կազմակերպության զեկույցը վկայում է, որ իրադարձությունները նպատակ ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերինե: 1988-1991թթ. Գանձակում, Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված ջարդերը ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին եւ հանգեցրին կես միլիոն հայերի էթնիկ բնաջնջմանը ու տեղահանմանը: Այս դաժանություններին հետեւեցին ադրբեջանական զինված ուժերի աննախադեպ հարձակողական գործողություններն' ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության բնաջնջմանը:

Հայաստանի դեսպանի նամակը, որն ուղղված է նաեւ ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդին ու Գլխավոր ասամբլեային, ամփոփվում է հետեւյալ մտքով. ,Պետք է վերջնականապես ու մեկընդմիշտ պարզ դառնա, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հայաստանը համոզված է, որ այս իրավիճակում լավագույն լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջի վերականգնումն է' իրագործելու համար ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքը»:

Այս խորագրի վերջին նյութերը