Լրահոս

22.02.2010 17:53


Զարուհի Փոստանջյանի հայցով դատական նիստը հետաձգվել է

Այսօր` փետրվարի 22-ին, ժամը 12:30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գայանե Կարախանյանի, տեղի ունեցած դատական նիստում պետք է քննության առնվեր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննիչի այն որոշման, որով քննիչը կարճել էր ԶԼՄ-ներից մեկում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ պատգամավորի պահանջով հարուցված քրեական գործը:

Նիստը սկսվելուց անմիջապես հետո Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը դատավորին տեղեկացրեց, որ մինչ այս պահը չի ստացել ՀՀ Ոստիկանության քննիչի կողմից գործի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:  Դատավոր Գ. Կարախանյանը, ի զարմանս դատաքննությանը ներկա գտնվողների եւ լրագրողների, ընդգծեց, որ ինքը դատաքննության վերաբերյալ նյութերը ստացել է...դատական նիստից ընդամենը 10 րոպե առաջ: Հաշվի առնելով, որ նյութերը ոստիկանության կողմից պատշաճ ժամկետում չեն տրամադրվել, դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ մարտի 2-ը, ժամը 16:30-ը:

Նիստից հետո, ինչպես հավաքված լրագրողներին իրավացիորեն շեշտեց փաստաբան Հայկ  Ալումյանը, դատաքննության վերաբերյալ նյութերը դատական նիստից ընդամենը 10 րոպե առաջ դատավորին տրամադրելը, իսկ դատաքննության կողմերից մեկին ընդհանրապես չտալը պարզորոշ վկայում է ՀՀ իրավական համակարգի  իրական վերաբերմունքի մասին այս գործին' մասնավորապես, եւ պաշտոնեական գործառույթներին' ընդհանրապես:

Այս խորագրի վերջին նյութերը