Լրահոս

22.02.2010 19:22


Ջերմուկը զարգացնելու են շվեյցարացիների օգտագործած տեխնիկայի հաշվին

Ջերմուկը զարգացնելու են շվեյցարացիների օգտագործած տեխնիկայի հաշվին

ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ջերմուկ քաղաքը զարգացնել շվեյցարական Վերբիեր զբոսաշրջության կենտրոնի նմանությամբ և փորձով։ Այդ նպատակով փետրվարի 8-11-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Շվեյցարիա։ Պատվիրակության անդամները ծանոթացել են դահուկային, առողջարանային հանգստավայրերի զարգացման շվեյցարական փորձին, ճոպանուղուն, գոլֆի դաշտերին, սարի ստորոտում գտնվող սպա կենտրոններին, հարուստենրի համար նախատեսված քոթեջներին՝ շալեներին, և քննարկել են դրանց կիրառման հնարավորությունները ՀՀ Ջերմուկ քաղաքում։

Ասյօր հրավիրած ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ շվեյցարացիները նպատակ ունեն իրենց ճոպանուղին փոխարինել ավելի ժամանակակիցով և քննարկվել է շատ էժան գներով՝ միայն ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը հոգալով, այդ ճոպանուղին բերել Ջերմուկ.

-Ընդ որում այդ ճոպանուղին հանում են ոչ թե նրա համար, որ հնացել է, այլ հանում են, որովհետև այդտեղ ճոպանուղի իրենք չեն նախատեսում՝ պետք է այլ ինժեներական լուծում տան։ 10 տարիների կտրվածքով ստանդարտը փոխվել է Շվեյցարիայում և իրենք այդ ստանդարտով պետք է կառուցեն։ Կարծում եմ դրանից չօգտվելը անտրամաբանական է և 2-3կմ հնարավոր է բարձրորակ ճոպանուղի ունենալ,- «7օր»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Ն. Երիցյանը։

Նա նաև նշել է, որ կարելի է նախ Ջերմուկը զարգացնել, իսկ հետո արդեն ՀՀ մյուս քաղաքները Ջերմուկից կսովորեն և կհետևն նրա օրինակին։

-Ներդրումային չափերը երբ մենք ուսումնասիրում էինք, շատ հետաքրքիր մի զգացողություն էր՝ վախը դուրս էր գալիս մեջներիցս, որովհտեև դրանք այդքան վախենալու չեն,  ուղղակի եթե ճիշտ ներդում ես կատարում, իրենից ստացած օգուտներն ահռելի են,- ասել է Ն. Երիցյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը ոչ թե պետք է կրիայի նման ներդրումներով առաջ շարժվի, որ 50 տարում նոր տեղ հասնի, այլ պետք է կարողանա ճիշտ ռազմավարություն մշակել և դրա հիման վրա ներդրումներ կատարել։

-Հիմնական եզրահանգումը հետևյալն է՝ այն, ինչը մեզ համար պրոբլեմ է՝ սարերը և խիստ ձմեռը, շվեյցարացիների համար միլիարդներ աշխատելու հնարավորություն է,- եզրափակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը